«Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ»․ չափազանց հին այս թևավոր խոսքը տարածված է շատ լեզուներում և մեր ժամանակներում փոխաբերական իմաստ ունի․ նշանակում է՝ խնդրի լուծման բոլոր տարբերակներն էլ նույն կետին են հանգեցնելու։
Բայց ինչո՞ւ հենց Հռոմ։ Ինչո՞ւ չեն ընտրել մեկ այլ քաղաքի անուն։ Ինչպե՞ս է առաջացել այս արտահայտությունը։
Բանն այն է, որ շատ դարեր առաջ, երբ գոյություն ուներ վիթխարի ու հզոր Հռոմեական կայսրությունը, և այն ղեկավարվում էր նույնանուն կենտրոնից, այս խոսքն ամենևին էլ փոխաբերական իմաստով չէր գործածվում։
Այդ ժամանակ անհրաժեշտություն կար տերության բոլոր գաղութներն ու երկրամասերը կապելու մայրաքաղաքի հետ, մանավանդ որ այստեղ եռում էր առևտուրը։ Բացի այդ՝ պետք էր ապահովել կայսրության զորքերի արագ ու ապահով տեղաշարժը։ Եվ Հռոմն ասես հին աշխարհի թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական ամենակարևոր կենտրոնը լիներ․ պետական ու զինվորական գործիչները, առևտրականները այստեղ էին գալիս՝ կնքելու կարևոր պայմանագրեր։
Հռոմի՝ զարմանալիորեն ուղիղ և ճառագայթաձև ճանապարհները, ամեն կողմից գալով, հատվում էին ուղիղ քաղաքի հրապարակում, որտեղ գտնվում էր հսկա շուկան․ այն նաև հանրային մեծ հավաքների վայրն էր և Սենատի ժողովատեղին։ Այստեղ մի աշտարակ էլ կար, որի վրա նշված էր, թե Հռոմը ինչ հեռավորության վրա է կայսրության յուրաքանչյուր խոշոր քաղաքից։ Այդ կետը կոչվում էր Milliarium Aureum, որ մոտավորապես կարելի է թարգմանել «զրոյական կիլոմետր»։
Ահա այս պատճառով էին հնում մարդիկ ասում, թե բոլոր ճանապարհները Հռոմ են տանում։
Ի դեպ, ցանկացած լեզվում էլ շատ դարձվածքների, փոխաբերական իմաստով թևավոր խոսքերի հիմքում նման իրական պատմություններ են։