Աշխարհի ամենահին ավտոմեքենան

Աշխարհի ամենահին ավտոմեքենան ունի այս երկար անունը․ «De Dion Bouton Et Trepardoux Dos-A-Dos Steam Runabout», բայց այն համառոտ անվանում են «La Marquise», այսինքն՝ «մարկիզ» (դա ազնվական տիտղոս էր Արևմտյան Եվրոպայում)։ Մեքենան արտադրվել է հեռավոր 1884 թվականին։ Այն շարժման է դրվում շոգու ուժով՝ շոգեշարժիչով, և կարող է զարգացնել մինչև 60 կիլոմետր-ժամ արագություն։ Որպես վառելիք (շոգի ստանալու համար) կարող է գործածվել ցանկացած տիպի այրվող նյութ։

Ասում են՝ «La Marquise»-ն իր գոյության ողջ ընթացքում ընդամենը չորս սեփականատեր է փոխել և շնորհիվ գերազանց վիճակի՝ այսօր էլ կարող է ծառայել որպես միանգամայն լիարժեք փոխադրամիջոց։ Վերջին անգամ մեքենան վաճառվել է աճուրդում՝ 4 մլն 620 հազար ԱՄՆ դոլարով։ Սակայն խոստովանեք, որ այսպիսի կարողության տեր մարդը հազիվ թե աշխատանքի գնա «La Marquise»-ով՝ տասը րոպեն մեկ իջնելով մեքենայից և շարժիչի կաթսայում փայտ կամ ածուխ լցնելով ու մրոտվելով։

Հավանեցի՞ր. տարածիր