Հնագույն սափորներ

Հին հունական քաղաքակրթությունը մարդկությանը հսկայական մշակութային ժառանգություն է թողել: Արվեստի ձեռակերտ նմուշներից, օրինակ, գրեթե անվնաս մեզ են հասել բազում գեղեցիկ սափորներ, որոնց ուսումնասիրությունը թույլ է տալիս ըմբռնելու ժամանակի արվեստագետների ճաշակն ու սկզբունքները:

Ինչո՞ւ էին հույներն այդքան ջանասիրաբար նկարազարդում առօրյա օգտագործման այդ անոթները: Նրանք, ըստ էության, փորձում էին համատեղել օգտակարը գեղեցիկի հետ: Անոթները շատ հաճախ պաշտամունքային նշանակություն ունեին, այդ իսկ պատճառով նկարազարդվում էին համապատասխան թեմաներով՝ «աստվածներին» հաճոյանալու համար:

Ք․ ա. 6-րդ դարում Աթենքը դառնում է սափորների արտադրության և առևտրի աշխույժ կենտրոն: Աթենացի նկարիչները որդեգրել էին կորնթական տեխնիկան՝ սև ֆիգուրը կարմրավուն ֆոնի վրա: Հայտնի է, օրինակ, «Francois Vase» կոչվող տարան՝ սպիրալաձև անոթ՝ լայն, դարձյալ սպիրալաձև բռնակներով, որն օգտագործում էին գինին և ջուրն իրար խառնելու համար: Նկարիչ Կլեիթիասն անոթի վրա տալիս է Թեսալիայի թագավոր Պելեուսի և ծովային նիմֆի՝ Թետիսի (Աքիլլեսի ծնողների) ամուսնության արարողության պատկերը: Իր պալատի դիմաց կանգնած՝ Պելեուսը դիմավորում է իր հարսանիքի հյուրերին: Մեկ այլ օրինակ է մի ամֆորա, որը մթերքի պահպանման համար նախատեսված լայն անոթ է: Նկարիչ Ամասիասը պատկերել է Դիոնիսոսին մենեադների հետ: Մենեադները նապաստակ և եղնիկ են առաջարկում վերջինիսս` ընդգծելով նրա իշխանությունը բնության հանդեպ: Դիոնիսոսն իր ձեռքին պահում է գինու մի մեծ թաս` կանտարոս:

Մեկ այլ նկարիչ և զոդող էր Էքզեկիասը, ում համար ստեղծագործական ներշնչքանի նյութ էր Հունաստանի պատմությունը: Նկարազարդման մի օրինակում հանրային տեսարան է․ պատկերված են ջրի գնացող կանայք: Դորիական սյուների արանքներում կանգնած՝ կանայք իրենք պահում են հենց այսպիսի մի սափոր` հիդրա: Այստեղ, չնայած սևաֆիգուր տեխնիկային, նրանց մարմինը սպիտակ է պատկերված, ինչը տարածված էր արդեն եգիպտական և մինոյան արվեստներում:

Ժամանակի ընթացքում նկարազարդման տեխնիկան փոխվում է. սև ֆոնին հայտնվում է կարմիր ֆիգուրը: Սևով պատվում էր սափորը, իսկ գծային ֆիգուրները մնում էին չներկված` ինքնին կարմրավուն: Այսպիսի ֆիգուրներ էր պատկերում Եփրոնիուսը, ով առավելապես ուսումնասիրում էր մարդու անատոմիան:

Մի հերոսական պատկեր է ներկայացնում Բրիտանական թանգարանում պահվող կարմրաֆիգուր լայն բաժակը՝ հավանաբար նախատեսված գինու մատուցման համար: Պատկերում տեսնում ենք Հոմերոսի հայտնի պոեմի հերոսին՝ Ոդիսևսին, ով հայրենիք վերադառնալու ճանապարհին բազմաթիվ փորձություններ է հաղթահարում: Այստեղ Ոդիսևսն իր ընկերների հետ անցնում է Սիրենաների կղզու մոտով: Նախապես իմանալով, թե ինչպես են սիրենաներն իրենց թովիչ ձայնով գայթակղում ծովագնացներին՝ շեղելով ճիշտ ճանապարհից՝ Ոդիսևսն իր ընկերների ականջները փակում է մեղրամոմով՝ չլսելու նրանց երգը, իսկ իրեն հրամայում է պինդ կապել կայմից, որ կարողանա չտրվել նրանց դյութանքներին: Ահա նկարում Ոդիսևսն է իր ողջ էությամբ՝ ուռչած կրծքով դիմադրում է թռչնի տեսք առած գեղանի կանանց երգի կախարդանքին։ Ընկերները նրա կապերն արձակում են միայն կղզուց հեռանալուց հետո։

Հավանեցի՞ր. տարածիր