Վերլուծություն

Դոնարա Գրիգորյան

Գավառի համար 5 հիմնական դպրոց

6-րդ դասարան

Ինձ միշտ հետաքրքրել են դետեկտիվ պատմությունները։ Այդ ցանկից կառանձնացնեմ Արթուր Կոնան Դոյլի «Չորսի նշանը» հետախուզական պատմությունը։ Ես մինչ այս ստեղծագործությունները կարդալն էլ լսել էի Շերլոք Հոլմսի մասին, բայց չէի պատկերացնում, որ գեղարվեստական ստեղծագործությունը կարող է այդքան հետաքրքիր ու գրավիչ լինել։ Ուզում էի հնարավորին չափ շուտ բացահայտել գաղտնիքները, սպանություն կատարողներին և շարունակ հիանում էի Հոլմսի դեդուկցիայի արվեստով։

Հենց առաջին էջերից ծանոթանում ենք հռչակավոր խորհրդատու-խուզարկուի՝ Շերլոք Հոլմսի հետ, զարմանում նրա տարօրինակ վարքագծով ու սովորություններով․ նա կարող էր լինել աշխույժ, բնավ չհոգնող ու ամենայն ոգևորությամբ ու մանրամասնությամբ ատարբեր գործեր քննող և հոյակապ վերլուծող, ջութակին հիանալի տիրապետող, հյուրընկալ ու զրուցասեր մարդ, և, հակառակը, մեկլ էլ ընկնել ընկճախտի մեջ, ոչ ոքի հետ որևէ բառ չփոխանակել, անվերջ ու անիմաստ հետուառաջ անել, դառնալ մելանխոլիկ մարդատյաց։ Ինչպես վերջում Հոլմսն է իրեն բնութագրում Գյոթեի խոսքերով․ «Ափսոս, որ բնությունը քեզնից միայն մեկ մարդ է ստեղծել, քանի որ քո նյութից և՛ արժանավոր մարդ կստացվեր, և՛ սրիկա»։

Պատմության մեջ ես, այնուամենայնիվ, ավելի շատ տեսա արդարամիտ, աշխույժ, չափազանց խելացի ու յուրօրինակ մտքի տեր Շերլոք Հոլմսին։ Նա միշտ փնտրում է մտքի աշխատանք, որն իր համար օդի ու ջրի պես անհրաժեշտ է։ Նա պատրաստ է փառքը բաժին հանել ամենահայտնի խուզարկուներին, միայն թե իրեն վիճակվի նուրբ ու խճճված հանցագործություններ բացահայտել։

Ահա տրվում է առիթը։ Երիտասարդ ուսուցչուհի Մերի Մորսթենը խնդրում է Հոլմսին ու նրա ընկերոջը՝ զինվորական բժիշկ Ուոթսոնին, օգնել իրեն դժվար իրավիճակում, որտեղ քիչ չէին խորհրդավոր հանգամանքները։ Կծիկը հետզհետե ավելի է խճճվում, երբ նրանք հայտնվում են Փոնդիչերի դղյակում և իմանում, որ օրիորդ Մորսթենի հոր ընկերոջ որդիներից մեկը՝ Բարթոլոմյու Շոլթոնը, սպանված է, իսկ ահռելի գանձը, որ պիտի հավասարապես բաժանվեր նրա որդիների ու Մերիի միջև, անհետացել է։ Սկսվում են որոնումները, հայտնվում է փառասեր, բայց անտաղանդ մի խուզարկու՝ Էթլնի Ջոնսը, որ իր վրա է վերցնում գործի քննությունը, բայց Լեսթրեյդի և Գրեգսոնի պես անհաջողության է մատնվում։ Շերլոք Հոլմսին հաջողվում է բացահայտել առեղծվածը և բռնել մարդասպաններին, թեև հետապնդման ընթացքում վայրենի մարդակեր Տոնգան սպանվում է, իսկ Ագրայի մեծ գանձն էլ փայտե ոտքով խորհրդավոր մարդու՝ Ջոնաթան Սմոլի ձեռքով հայտնվում է Թեմզայի հատակին։

Այս ստեղծագործության մեջ կան նաև պատմական իրողություններ հնդիկների ապստամբության և անգլիացիների դիմադրության, արյունահեղությունների ու դաժան օրերի մասին, ինչպես նաև երևում է, թե ինչի կարող է հանգեցնել մարդկային ագահությունը։ Հանուն Ագրայի գանձերի՝ շատ մարդիկ սպանվեցին, և անկշտությունը բերեց ահավոր հանցագործությունների։

Ես սիրում եմ, երբ պատմությունները լավ ավարտ են ունենում, և ամեն ինչ բացահայտվում է, արդարությունը՝ վերականգնվում։

Այս գիրքը խորհուրդ կտամ կարդալ բոլոր ընկերներիս, վստահ եմ, որ բոլորին էլ դուր կգա։

«Արնագույն գործը» ինտրիգով, առեղծվածայնությամբ ու հետաքրքիր գործողություններով լի պատմություն էր։ Այն դարձավ իմ սիրելի գրքերից մեկը։ Ես այս վիպակի շնորհիվ դարձա Շերլոք Հոլմսի երկրպագուն։ Վերջում շատ բարկացա անարդարության համար, որ Հոլմսը բացահայտեց գործը, բայց փառքը հասավ Լոնդոնի հայտնի խուզարկուներ Լեսթրեյդին ու Գրեգսոնին։ Թվում էր՝ ամբողջ վիպակը արդարության վերականգնման մասին է, բայց վերջաբանի այս տողերը ոնց որ հասկացնեն, որ, միևնույն է, կյանքում միշտ էլ պատահում են մեծ ու փոքր անարադարություններ։ Բայցևայնպես մաքուր սիրո, ջերմ, մինչև մահ նվիրվածության և կեղծ բարքերի մենամարտում հաղթեց բարին՝ հույս տալով, որ հնարավոր է ի վերջո հասնել դրան։

Խորհուրդ կտամ կարդալ դետեկտիվի բոլոր երկրպագուներին։

«Տասնհինգամյա նավապետը»։ Ֆրանսիացի արկածային գրող Ժյուլ Վեռնի այս վեպը տասնհինգամյա որբ տղայի՝ Դիկ Սենդի աներևակայելի ջանքերով «Պիլիգրիմ» առագաստանավի ճանապարհորդությունը բարեհաջող ավարտին հասցնելու մասին է։

Վեպը ցույց է տալիս պատանու քաջությունը, խիզախությունը, գիտելիքները, բարությունը, պատրաստակամությունը։ Նա պատրաստ էր կյանքի գնով փրկել իր բարերարներին։

Այստեղ մենք տեսնում ենք ոչ միայն հետաքրքիր արկածներ, այլ նաև շատ բան սովորում․ մեր առջև բացվում է ստրուկների և մարդակերների հայրենիք Աֆրիկան՝ իր բոլոր կողմերով՝ հրաշալի, փարթամ, չտեսնված կենդանական և բուսական աշխարհ, իսկ այս ամենի կողքին՝ ագահ, միայն հարստանալու տենչով լցված անմարդկային արարածների բազմություն, հիմար ու տարօրինակ ավանդույթներ, գազանային անխղճություն թույլերի նկատմամբ։

Շատ ուրախացա, որ գիրքը լավ ավարտ ունեցավ․ արժանի պատիժ ստացան բոլոր չարագործները, և սիրելի հերոսները բարեհաջող տուն վերադարձան։ Թեպետ տխրեցի սևամորթ Նանի ու Դինգո շան դաժան սպանությունների համար։

Գիրքը խորհուրդ կտամ կարդալ հատկապես իմ տարեկիցներին։ Նրանց կհետաքրքրեն Դիկ Սենդենց արկածները, «Ս․Վ․»-ի գաղտնիքը, Նեգորոյին բացահայտելու և պատժելու պատմությունը, և կստանան մանրամասն տեղեկություններ աշխարհագրական մի շարք երևույթների, հայտնագործությունների, հատկապես Աֆրիկայի խորքերը ուսումնասիրող գիտնականների՝ Դավիդ Լիվինգսթոնի, Քամերոնի, Սթենլիի կատարած արժեքավոր բացահայտումների մասին։

Իմ մյուս գիրքը, որ ընթերցեցի՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչքը», սկզբում դժվար էր առաջ ընթանում։ Քանի որ ես սիրում եմ արկածներով ու խորհրդավոր դեպքերով արագ զարգացող սյուժեներ, այս պատմությունը առաջին էջերում ինձ այնքան էլ չգրավեց։ Սակայն հետո ավելի խորամուխ եղա Էքզյուպերիի ստեղծած՝ արտաքինից խաղաղ, բայց ներսում բազում շերտեր պարունակող միջավայրին և փորձեցի հասկանալ նրա հերոսներին ու այդ հերոսների աշխարհը։

Ռիվիերը ավիաընկերության տնօրենն էր և ամեն օր ստիպված էր ծանր որոշումներ ընդունել։ Այդ գործը դարձել էր իր էությունը, իր կյանքը, նա երբեք չէր մտածում, որ կարող էր որևէ այլ բանով զբաղվել, մյուսներից էլ պահանջում էր ամենայն նվիրվածություն ու անսխալականություն։ Ռիվիերը մտածում էր, որ ինքը ծերանում է, եթե աշխատանքը դադարում է միակ սնունդը լինել։

Ապա ծանոթանում ենք նաև օդաչուների՝ Ֆաբիենի, Պելըրենի և տեսուչ Ռոբինոյի աշխարհների հետ։ Պելըրեն շատ լավ գիտեր, թե ինչ արժեք ունի աշխարհը, նա մնացած օդաչուների պես ամեն գիշեր բացառիկ խիզախության օրինակներ էր դրսևորում և իր կյանքը լցնում արկածներով։ Այդ ամենը բացակայում էր տեսուչ Ռոբինոյի կյանքում։ Նա ամեն օր դիտում էր երկինքը նվաճող օդաչուներին ու ավելի ընկճվում։ Ռոբինոն մտածում էր, թե իր կյանքը գորշ է Պելըրենի կյանքի համեմատությամբ։

Ֆաբիենը երիտասարդ օդաչու էր, որը Բուենոս-Այրեսում էր թողել իր սիրելի կնոջը և հերթական անգամ սավառնում էր երկնքով՝ կատարելով իր աշխատանքը։ Հանկարծ կտրվել էր կապը ռադիստի հետ, և նա հայտնվել էր անելանելի վիճակում։ Պետք էր, որ մեկն ուղղություն տա․ անգամ եթե ասեին պտտվի կլոր, կպտտվեր, բայց ոչ մի ձայն չկար։ Փոթորկի պատճառով շեղվելով՝ նա չգիտեր ինչ անել։

Ֆաբիենը փորձում է հնարավոր բոլոր միջոցները՝ որևէ տեղ թեկուզ վթարային վայրէջք կատարելու համար։ Բայց հետո երկնքում՝ փոթորկի մեջ, աստղերի լույս է տեսնում ու վեր բարձրանում։ Նա հասկանում էր, որ դա ծուղակ էր, բայց այնքան «ուժեղ էր լույսի քաղցը», որ բարձրանում է։ Ֆաբիենը հայտնվում է «լուսեղեն կաթի մեջ» և այդ կուրացնող շողերի մեջ էլ մեռնում ու ձուլվում երկնքին։

Այդ ընթացքում Ռիվիերն էլ է հասկանում կատարվելիքը․ նա խղճում է Ֆաբիենի կնոջը, Ֆաբիենին, բայց ոչինչ չի կարող անել։ Նրա համար կարևոր չէ անհատի կյանքը, կարևոր չեն նաև իր հաղթանակներն ու պարտությունները․ կարևորը անընդմեջ, անխափան աշխատանքն է, միշտ առաջ շարժվելը։

Այս գիրքը խորհուրդ կտայի բոլոր այն մարդկանց, որոնք սիրում են մտածել, վերլուծել, ուսումնասիրել տարբեր բնավորություններ և քննել երկինքը նվաճողների աշխարհը։

Հավանեցի՞ր. տարածիր