Որքան էլ տարօրինակ հնչի, հաշվարկման համար այսօր աշխարհում կիրառվող արաբական թվերի հայրենիքը Հնդկաստանն է, որտեղ դեռ 5-րդ դարում (կամ ավելի վաղ) ստեղծվել են դրանց նախօրինակները: Հնդիկներն են բացահայտել նաև զրոն, որը կոչում էին շունյա։ Զրոյի ընկալումը հեշտացնելու համար մաթեմատիկոսներ Բրահմագուպտան, Մահավիրը և Բխասկարը ասում էին, որ երբ մի մարդուց «հանում» ես հենց իրեն, մնում է «ոչինչը», ու հենց այդ ոչինչն էլ զրոն է:
Զրոյի գյուտը հնարավորություն տվեց ոչ միայն առավել արագ ու հեշտ կատարել մաթեմատիկական հաշվարկները, այլև անցնել թվերի դիրքային գրառմանը՝ դյուրացնելով դրանց ընթերցումը նույնպես։
Իսկ թվերը կոչվել են արաբական, քանի որ հետագայում արաբներն են կատարելագործել հնդկական այդ նիշերի գրաֆիկական տեսքը և ապա տարածել աշխարհում։
Թվերի հնդկական համակարգը լայնորեն ժողովրդականացրել է Ալ-Խորեզմին՝ «Կիտաբ ալ-ջաբր վա-լ-մուկաբալա» աշխատության հեղինակը: Այս աշխատության անվան մի բաղադրիչից էլ առաջացել ալգեբրա (հանրահաշիվ) տերմինը:
Իսկ ինչպե՞ս էին նախկինում հաշվում առանց զրոյի։ Հին հույներն ու եգիպտացիները հաշվելու համար օգտագործում էին կլոր քարեր և երբ հանում էին դրանք, տեղը մնում էր ազատ։ Դա, ըստ էության, հենց զրոն էր, թեպետ այն դեռ անուն չուներ։ Զրոյի տեղը բաց էին թողնում նաև Հին Չինաստանում։
Արաբական թվերը եվրոպացիներին հայտնի դարձան 10-րդ դարում: Հռոմի պապ Սիլվեստր Երկրորդը (999-1003 թթ․) առաջինն էր, ծանոթացավ արաբական թվերին, հասկացավ, թե որքան հարմար է դրանցով հաշվելը և դրանք գրառելը՝ հռոմեական թվերի համեմատությամբ։ Նա էլ սկսեց ամեն կերպ խրախուսել նոր թվային համակարգի ներդրումը եվրոպական գիտության մեջ։