Կարդալն, իհարկե, հրաշալի է, բայց հաճախ ծնողներին անհանգստացնում է, թե գրքերն ինչ են սովորեցնում իրենց երեխաներին։ Փոքրիկ ընթերցողների ժամանակը հետաքրքիր դարձնելուց բացի՝ շատ կարևոր է նաև, որ ստեղծագործությունները տան որոշակի արժեք։ Այդ առումով բացառություն չեն դետեկտիվ պատմությունները, որոնց բազմաթիվ առավելություններից 10-ին կանդրադառնանք ստորև։
1․ Դետեկտիվ պատմությունները սովորեցնում են երեխային ճիշտ մտածել։ Դրանցում հանդիպող գլուխկոտրուկները յուրօրինակ ինտելեկտուալ մարզանք են մտքի համար։
2․ Զարգացնում են տրամաբանությունը։ Դետեկտիվ պատմություններում խուզարկուները հիմնվում են եզրակացությունների տրամաբանական շղթայի վրա, որի յուրաքանչյուր օղակը չափազանց կարևոր է ու նպաստում է խնդրի լուծմանը։
3․ Օգնում են լուծումներ գտնել իրական կյանքում հանդիպող բարդ իրավիճակներում։ Դետեկտիվ պատմություններում նկարագրվող շատ իրավիճակներ դառնում են կյանքի կարևոր ուղեցույց։
4․ Ձևավորում են ստրատեգիական մտածողություն, մի քանի քայլ առաջ նայելու հմտություն։ Պատահական չէ, որ խուզարկուների մեծամասնությունը հանճարեղ մտածող է։ Բայց դրան հասնելն այդքան էլ բարդ չէ․ նրանք էլ պարզապես զարգացրել ու ձևավորել են իրենց մտածողության այդ կերպը։
5․ Զարգացնում են ուշադրությունը դետալների նկատմամբ։ Իրական կյանքում նույնպես առաջին հայացքից մանրուք թվացող երևույթները, որոնք մենք հաճախ անտեսում ենք, կարող են մեծ ազդեցություն թողնել տարբեր իրավիճակներում։ Իսկ խուզարկուներն ուշադրություն են դարձնում ամեն մի դետալի վրա՝ ցույց տալով, որ «ցանկացած անպատեհ թվացող մանրուքն անգամ ազդեցություն է ունենում ամբողջի վրա» ( Ագաթա Քրիստի, «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»):
6․ Նպաստում են մարդու և նրա բնույթի ճանաչմանը։ Այս պատմություններն օգնում են հասկանալ մարդու այս կամ այն արարքի դրդապատճառները։ Խուզարկուները նաև հրաշալի հոգեբաններ են, որոնք մարդկային բնույթի ճանաչողության շնորհիվ կարողանում են լուծում տալ բարդ խնդիրներին։
7․ Օգնում են տարբերել կարևորը երկրորդականից, հիշել միայն օգտակար տեղեկություններն ու արդյունավետորեն կիրառել դրանք։ Ինչպես Շերլոք Հոլմսն է նշում, մարդու ուղեղի ձեղնահարկը էլաստիկ չէ, այն չի կարելի լցնել ամեն տեսակ աղբով ու չկիրառվող տեղեկություններով, այլ պետք է խնամքով կահավորել միայն անհրաժեշտ ու պետքական բաներով։
8․ Զարգացնում են քննադատական մտածողությունը։
9․ Լինելով առեղծվածային ու գաղտնիքներով լի՝ դրանք օգնում են զարգացնել նաև երևակայությունը․ մինչև վերջին էջերը չիմանալով, թե, ենթադրենք, ով է հանցագործը, կամ որն է գաղտնիքը, երեխայի ուղեղում սկսում են ձևավորվել սեփական սցենարները։
Եվ վերջապես՝
10․ դետեկտիվ պատմությունները չափազանց հետաքրքիր են ու երեխաների մոտ հետաքրքրություն են առաջացնում ընթերցանության նկատմամբ։
Դե ինչ, կարդա՞նք։