1887 թվականին լույս տեսած «Արնագույն գործը» վիպակը նշանավոր խուզարկու Շերլոք Հոլմսի մասին պատմող առաջին ստեղծագործությունն է։ Հենց այս վիպակից են սկսվում Հոլմսի և աֆղանական պատերազմից նոր վերադարձած բժիշկ Ուոթսոնի՝ գլուխկոտրուկներով ու առեղծվածներով լի արկածները։ Բացի հետաքրքիր սյուժեից՝ Արթուր Քոնան Դոյլը կարևորում է ընթերցողին Հոլմսի կերպարի հետ ծանոթացնելն ու նրա բնավորության ուշագրավ գծերը ներկայացնելը։
Եվ այսպես՝ ներկայացնում ենք 15 մեջբերում այս չափազանց հետաքրքրաշարժ ստեղծագործությունից։
1. Ոչինչ չէր կարող գերազանցել նրա եռանդը, երբ տարված էր լինում աշխատանքով, բայց ժամանակ առ ժամանակ հակադարձ ռեակցիա էր տեղի ունենում. օրեր շարունակ պառկած էր մնում հյուրասենյակի բազմոցին՝ առավոտից երեկո գրեթե առանց որևէ բառ արտաբերելու և մկան շարժելու: Այս դեպքերում մի այնպիսի երազկոտ, բացակա արտահայտություն էի նկատում նրա աչքերում, որ կկասկածեի ինչ-որ թմրանյութից կախվածություն ունենալու մեջ, եթե նրա սովորական կյանքի չափավորությունն ու մաքրությունը չբացառեին նման ենթադրությունը։
2. Այն ընթերցողները, որոնք կարդում են խառը և ինչ պատահի, հազվադեպ են աչքի ընկնում խորքային գիտելիքներով: Ոչ ոք չի ծանրաբեռնում ուղեղը չնչին մանրամասնություններով, եթե որևէ լուրջ պատճառ չկա դրա համար։
![](https://krtaditak.am/wp-content/uploads/2020/12/detective-2-2.jpg)
3. Ես կարծում եմ, որ մարդու ուղեղը նման է փոքր, դատարկ ձեղնահարկի, և պետք է այն կահավորել Ձեր նախընտրած կահույքով: Հիմարն այն լցնում է ձեռքի տակ ընկած ամեն տեսակի անպետքություններով, այնպես, որ այլևս տեղ չի մնում իսկապես օգտակար գիտելիքի համար, կամ էլ, լավագույն դեպքում, վերջինս այնպես է խառնվում այդքան շատ բաների մեջ, որ անհրաժեշտության դեպքում դժվար է ձեռքի տակ ընկնում: Իսկ ճարպիկ մարդը, անշուշտ, մեծ ուշադրությամբ է ընտրում, թե ինչ է տեղավորելու իր ուղեղի ձեղնահարկում: Նա ոչինչ չի վերցնում` բացի գործիքներից, որոնք կօգնեն իր աշխատանքն անելիս, իսկ այդ գործիքների տեսականին մեծ է և դասավորված իդեալական կարգուկանոնով: Սխալ է մտածել, որ այս փոքրիկ սենյակն առաձգական պատեր ունի, որոնք ցանկացած չափով կարելի է ձգել: Սրա հետ կապված` գալիս է մի ժամանակ, երբ ամեն նոր ավելացող գիտելիքի փոխարեն Դուք սկսում եք մոռանալ ինչ-որ բաներ, որոնք գիտեիք նախկինում: Հետևաբար՝ չափազանց կարևոր է թույլ չտալ, որ անօգուտ փաստերը դուրս մղեն օգտակարներին:
4. Ջրի մեկ կաթիլի միջոցով տրամաբանական մտածողություն ունեցող մարդը կարող է եզրակացնել Ատլանտյան օվկիանոսի կամ Նիագարայի ջրվեժի գոյության հնարավորության մասին՝ առանց թե՛ մեկի, թե՛ մյուսի մասին լսելու կամ տեսած լինելու: Հետևաբար՝ կյանքը մի հսկայական շղթա է, որի էությունը կարող ենք հասկանալ նույնիսկ միայն նրա մի օղակը տեսնելու միջոցով:
5. Ասում են` հանճարեղությունը ջանքեր գործադրելու անսահման ունակությունն է։ Սա շատ վատ բնորոշում է, բայց այն, իրոք, միանգամայն համապատասխանում է խուզարկուի աշխատանքին:
6. – Գիտե՞ք՝ մեկ անգամ իր հնարքների էությունը բացատրելուց հետո աճպարարն այլևս փառքի չի արժանանում, և եթե չափազանց շատ ցույց տամ իմ աշխատանքի մեթոդը, վերջիվերջո կգաք այն եզրակացության, որ ես շատ սովորական մարդ եմ:
– Նման բան երբեք չի լինի, – պատասխանեցի ես։ – Դուք հանցագործությունների բացահայտումը հասցրել եք գրեթե ճշգրիտ գիտության մակարդակի, ինչն աշխարհում երբևէ չի արվել:
Ուղեկիցս հաճույքից կարմրեց իմ խոսքերից և այն լուրջ տոնից, որով դրանք արտաբերեցի: Ես արդեն նկատել էի, որ նա այնքան զգայուն է իր արվեստում գրանցած հաջողությունների գովեստների նկատմամբ, որքան ցանկացած աղջիկ՝ իր գեղեցկության:
7. Գլուխը պետք է օգտագործել նաև մտածելու, ոչ թե միայն որպես զարդարանք կրելու համար:
8. Հիշու՞մ եք՝ ինչ է ասում Դարվինը երաժշտության մասին: Նա պնդում է, որ մարդկությունը երաժշտություն ստեղծելու և դրանով հիանալու ունակությունը շատ ավելի վաղուց է ձեռք բերել, քան խոսելու կարողությունը: Միգուցե այդ պատճառով է այն այսպիսի խոր ազդեցություն թողնում մեզ վրա: Մեր հոգիներում դեռ պահպանվել է այն դարերի մշուշոտ հիշողությունը, երբ աշխարհն իր վաղ մանկության փուլում էր գտնվում:
![](https://krtaditak.am/wp-content/uploads/2020/12/detective_3.3.jpg)
9. Այս պատմության մեջ առեղծվածայնություն կա, ինչն ազդում է երևակայության վրա. այնտեղ, որտեղ չկա երևակայություն, չկա և սարսափ:
10. Հիմարը միշտ կգտնի իրենից ավելի հիմար մեկին, որ կհիանա իրենով (ֆրանսիական ասացվածք):
11. Հզոր մտքի համար մանրուքներ չկան։
12. Եթե ինչ-որ մի փաստ հակասում է եզրակացությունների երկար շղթային, ապա այն անպայման կարելի է այլ կերպ մեկնաբանել։
13. Ճիշտ չէ տարօրինակությունը նույնացնել առեղծվածայնության հետ: Հաճախ ամենասովորական հանցագործությունն ամենաառեղծվածայինն է լինում, քանի որ չունի նոր առանձնահատկություններ, որոնցից կարելի է եզրակացություններ անել: Այս սպանությունն անչափ ավելի բարդ կլիներ բացահայտել, եթե զոհի մարմինը գտնեին պարզապես ճանապարհին ընկած` առանց սենսացիոն բաների ուղեկցության, որոնք այն զգալիորեն անսովոր էին դարձրել: Այս տարօրինակ մանրամասները բոլորովին չեն բարդացնում գործը, այլ, ընդհակառակը, հեշտացնում են այն:
14. – Այս աշխարհում նշանակություն չունի, թե ինչ ես արել, – դառնորեն արտաբերեց Հոլմսը,- ամենակարևորը մարդկանց համոզելն է, թե ինչքան շատ բան ես արել:
15. -Դե՜, ես իմ սեփական մասնագիտությունն ունեմ: Ենթադրում եմ՝ իմ տեսակի մեջ միակն եմ աշխարհում: Ես խորհրդատու-խուզարկու եմ, եթե, իհարկե, հասկանում եք, թե ինչ է դա: Լոնդոնում բազմաթիվ խուզարկուներ կան՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր: Երբ նրանք փակուղի են մտնում, գալիս են ինձ մոտ, և ես կարողանում եմ նրանց ճիշտ հետքի վրա դնել: Նրանք բոլոր փաստերն իմ առջև են դնում, և հանցագործությունների պատմության գիտելիքներիս օգնությամբ հիմնականում կարողանում եմ ճիշտ ուղղություն ցույց տալ: Բոլոր հանցագործությունները մեծ ընտանեկան ընդհանրություն ունեն, և եթե Ձեր հինգ մատի պես գիտեք հազար գործի բոլոր մանրամասները, տարօրինակ կլինի, որ չկարողանաք բացահայտել հազարմեկերորդը: