Հացի նկատմամբ ակնածանքը հայկական մտածողության մի առանձին արտահայտությունն է։ Դա պայմանավորված է պատմաաշխարհագրական հանգամանքներով։ Լեռներով շրջապատված, զուրկ հարթավայրային բերրի վարելահողերից՝ հայ գյուղացին հացահատիկի մշակությունն է դարձրել «ընտանիքին կերակրելու» հիմնական միջոցներից մեկը։
Հայոց մեջ հացն ասոցիացվել է աշխատանքի, ջանքի, այստեղից էլ՝ ընկերության և արժանապատվության հետ։ Դրա վկայությունն են հայերենի բացմաթիվ դարձվածքները՝ «հաց վաստակել», «մեկի հետ հաց կիսել», «քարից հաց քամել» և այլն։
Հայ գյուղացին քարքարոտ հողի պարգևածն օգտագործել է մեծ շրջահայացությամբ․ նա լավաշ է թխել։ Բարակ, բայց լայն ու երկար այս հացատեսակը կարելի էր չորացնել և մեծ պաշարով պահել երեք-չորս ամիս։ Ուտելուց առաջ հարկ էր ընդամենը ջրով ցողել նրա երեսի շերտերը և սպասել մի քանի րոպե, որպեսզի կրկին փափկի։ Բացի այդ՝ գիտենք, որ հացը չափազանց սննդարար է․ 100 գրամ ցորենի հացը պարունակում է գրեթե 8 գրամ սպիտակուց, 1 գրամ ճարպ և ավելի քան 48 գրամ ածխաջրեր։ Հացը հարուստ է օրգանիզմի համար անհրաժեշտ բազմաթիվ վիտամիններով։ Եվ ահա շատ հաճախ բարբարոսների հարձակմանն ու պաշարմանը ենթարկվող գյուղացիները, որոնք չէին կարող ուտելի վիճակում երկար պահպանել բանջարեղենը կամ միրգը, սովից փրկվում էին հենց միայն «ցամաք հացի» շնորհիվ։
Այսօր շատ գյուղերում դեռևս պահանջված է հաղթուխի մասնագիտությունը՝ թոնրի լավաշ պատրաստելու համար։ Լավաշի համար նախատեսված խմորը հունցվում է այն թխելու նախորդ օրը՝ երեկոյան։ Դա իսկական արարողակարգ է, որին մասնակցում է հարևան ու բարեկամ կանանց մի ամբողջ բազմություն։ Նախ մեկ-երկուսը հատուկ տաշտերի մեջ խմորն են պատրաստում, իսկ որոշ ժամանակ անց մյուսները կտրատում են այն և հարյուրավոր փոքրիկ գնդերով շարում կողք կողքի։ Ծեգին արդեն տան տղամարդը վառում է թոնիրը՝ գլանաձև կավե վառարանը՝տեղադրված գետնի մեջ։ Երբ կրակի բոցն իջնում է և կավե պատերի կարմրությունն անցնում, հացթուխը զբաղեցնում է իր տեղը, և սկսվում է արարողության երկրորդ փուլը։ Մի քանիսը գրտնակում են գնդերը, ապա դրանք ավելի բարակեցնում՝ աճպարարի պես պտտեցնելով ձեռքերին։ Երբ խմորը ստանում է պահանջվող ձևը, փոխանցում են հացթուխին, նա էլ հատուկ բարձով այն կպցնում է թոնրի պատին։ Չանցած մեկ րոպե՝ մեկ ուրիշը հատուկ մետաղյա ձողով դուրս է քաշում արդեն պատրաստի լավաշը։
Թոնրից նոր-նոր դուրս բերված լավաշն անասելի համեղ է։ Երեխաները սիրում են հատկապես «ծաղիկ հացը»՝ լավաշը, որ եփվելիս կարմրում, «ծաղկազարդ» է դառնում և մի այնպիսի բույր ու համ ունի, որ դժվար է գերագնահատել որևէ բանաստեղծական մակդիրով։
Լավաշները նախ առանձին-առանձին շարվում են արևի տակ, որպեսզի չորանան։ Չորանալուց հետո դրանք հեշտությամբ դարսվում են իրար վրա և տեղափոխվում հատուկ դարան՝ սպասելով սեղանին հայտնվելու իրենց հերթին՝ գուցե երկու օր, գուցե երեք ամիս։ Սակայն այն օրը, երբ թխվում է հացը, նոր լավաշից բաժին է հանվում բոլոր հարևաններին, անցորդներին, պատահական հյուրերին։ Սա մատաղի մի տարատեսակ է։ Այսպես՝ հաց թխելը գյուղում նաև առիթ է դառնում՝ հին վեճերը մոռանալու, ամեն ինչ նոր էջից սկսելու համար: