Աստղերը լուսարձակող գազային գնդեր են՝ մեզանից շա՜տ-շատ հեռու։ Նրանց ընդերքում ջերմությունը հասնում է միլիոնավոր աստիճանների՝ ջրածինը փոխարկելով հելիումի։ Առավելաբար հենց այս երկու նյութից են բաղկացած նրանք։
Ջրածնից հելիում ստանալիս աստղերը յուրաքանչյուր վայրկյան հսկայական քանակությամբ նյութ են կորցնում, որը վերածվում է ճառագայթի և լուսավորում գիշերային երկինքը։
Այսպես՝ աստղերին նայելով՝ մարդիկ կողմնորոշվում են ճանապարհորդելիս, կատարում պատմագիտական կամ աշխարհագրական նշանակության զանազան հաշվարկներ, պարզապես զմայլվում աստվածային երկնակամարով։
Աստղերը լինում են ամենատարբեր չափերի, բայց նրանց բոլորի պարունակած նյութի քանակությունը գրեթե նույնն է։ Ստացվում է՝ աստղերից որոշները խիտ են, որոշները՝ ավելի նոսր։ Եվ նոսրերը հսկայական ծավալ ունեն, իսկ խիտ աստղերը թզուկ են նրանց համեմատ։ Ամենաջերմ աստղերը սպիտակ են կամ երկնագույն։ Կան նաև կարմրավուն և դեղին լուսատուներ։
Գիտական առումով՝ Արեգակն էլ է աստղ՝ Երկրին ամենամոտ աստղը, որն արդեն լուսավորում է ամբողջ երկնակամարը և կյանք պարգևում մեր մոլորակին։