Ամպերը՝ երկնքում սավառնող «բամբակե» այդ ճերմակ կույտերը, բաղկացած են ջրի փոքրիկ կաթիլներից կամ սառած բյուրեղիկներից, որոնք օդից թեթև են։ Երբ նրանք շատանում և խտանում-թանձրանում են, ծանրանալով թափվում են ցած՝ անձրևի, ձյան կամ կարկտի տեսքով։
Գիտնականներն ամպերը բաժանում են մի քանի տեսակի։
Ամենաբարձրում փետրավոր ամպերն են, որոնք սառցե բյուրեղներից փետուրի նման հետքեր են ձևավորում։ Նրանցից ներքև փետրակույտավոր ամպերն են, որոնք ասես փոքրիկ բարձիկներից բաղկացած լինեն, իսկ դրանց արանքից նշմարվում է երկինքը։ Այնուհետև՝ ավելի ցածր դիրքում, հանդիպում են փետրաշերտավոր ամպերը․ դրանք սպիտակեցնում են երկինքը։
Միջին բարձրության վրա են բարձր կույտավոր ամպերը․ այս ամպերի մեջ արդեն կաթլիներ էլ կան։ Նրանց հաջորդում են բարձր շերտավոր ամպերը, որոնք մոխրագույն են և առաջացնում են մանր ու երկարատև անձրև։ Կան նաև գեղեցիկ ոսկնյակաձև ամպեր․ դրանց անունն արդեն հուշում է տեսքի մասին։
Շերտակույտավոր ամպերը առավել թեթև են ու ցածր և հանդիպում են ավելի շատ ծովի վրա՝ շարունակական շերտերով։ Շերտավոր ամպերն է՛լ ավելի ցածր են և մոխրագույն․ ամպամած օրերին նրանք են ամբողջությամբ թաքցնում արևը։
Ամպերի արքան հսկա սյան նման վեր խոյացո՜ղ, բաշերո՜վ, կույտաանձրևային ամպերն են․ նրանք են ամպրոպի ու կարկտի «մեղավորը»։
Կան նաև կույտավոր, պարկանման և շերտաանձրևային ամպեր։ Վերջիններս գորշ մոխրագույն են, գտնվում են ամենացածրում և առաջացնում են երկարատև հորդառատ անձրևներ։