Կաթողիկոս՝ առաջինը հավասարների մեջ

Հայոց Եկեղեցու գլուխը Կաթողիկոսն է: Նա իր հոգևոր-նվիրապետական աստիճանով եպիսկոպոս է, միայն թե, ինչպես «կաթողիկոս» բառն է թարգմանվում, ընդհանրական եպիսկոպոս, այսինքն`եպիսկոպոս, որն իշխանություն ունի բոլոր մյուս եպիսկոպոսների վրա։ Ուստի հաճախ Կաթողիկոսին կոչում են նաև եպիսկոպոսապետ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամբողջական տիտղոսն է` Ծառա Հիսուս Քրիստոսի, Աստծու ողորմությամբ և ազգի կամոք՝ եպիսկոպոսապետ և Կաթողիսոս բոլոր հայերի, համազգական նախամեծար Արարատյան Առաքելական Մայր Եկեղեցու Սուրբ Կաթողիկե Էջմիածնի աթոռի Ծայրագույն Պատրիարք։

Կաթողիկոսին ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովը՝ կազմված հոգևորական և աշխարհիկ անդամներից։ Հայրապետն օծվում է առնվազն երեք և մինչև տասներկու եպիսկոպոսների ձեռքով։ Նրա իշխանությունը տարածվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հոգևորականների վրա․ նա է գլխավորում Գերագույն Հոգևոր Խորհուրդը, Եպիսկոպոսաց և Ազգային-եկեղեցկան ժողովները, նա է եպիսկոպոսներ ձեռնադրում, մյուս եպիսկոպոսներին արտոնում ավելի ցածր աստիճանի հոգևորականների ձեռնադրությունները։ Կաթողիկոսն է լուծում հոգևոր-եկեղեցական կարևոր հարցերը,  օրհնում Սբ. Մյուռոնը:

Հանդերձանքով կաթողիկոսը շատ չի տարբերվում եպիսկոպոսից, միայն երկու դար է`վեղարի վրա Ամենայն Հայոց կաթողիկոսները կրում են ադամանդակուռ խաչ, իսկ ծիսական արարողությունների ժամանակ ձեռքին ունեն քառագլուխ գավազան, որ խորհրդանշում է նրանց հոգևոր իշխանությունն աշխարհի չորս կողմերում: Կաթողիկոսի հանդերձանքի պարագաներից է նաև երկգլխանի արծվով կախազարդը կրծքին, իսկ ծիսական արարողությունների ժամանակ նրա ոտքերի տակ հատուկ արծվագորգ կնկատեք:

Սբ․ Պատարագի ժամանակ Կաթողիկոսի հանդերձանքը հարստանում է մեկ փոքրիկ բաղադրիչով, որ եպիսկոպոսները չեն կրում․ այն կոչվում է կոնքեռ և խորհրդանշում հովվական մախաղը։

Կաթողիկոսին գրավոր խոսքում դիմում են տիտղոսով, օրինակ`Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր (Ն.Ս.Օ.Տ. Տ.) Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս, և սկսում նամակը կամ խոսքը․ «Վեհափա՛ռ Տեր․․․․»:

Կաթողիկոսին անվանում են նաև Հայրապետ, Վեհափառ Հայրապետ, Վեհափառ Տեր, պարզապես Վեհափառ, Նորին Սուրբ Օծություն, Նորին Սրբություն, Ձերդ Սրբություն: Բանավոր զրույցի կամ հանդիպման ժամանակ ողջունում են այսպես․ «Աստված օգնական, Վեհափա՛ռ Տեր»:

Իսկ ինչո՞ւ «առաջինը հավասարների մեջ»։ Նախ՝ ինչպես սկզբում նշեցինք, հոգևոր աստիճանով Կաթողիկոսն ինքն էլ եպիսկոպոս է, որոնց դասն ամենաբարձրն է Եկեղեցու նվիրապետության մեջ (ի դեպ, արքության պատիվը, որ տրվում է որևէ եպիսկոպոսի, և նա կոչվում է արդեն արքեպիսկոպոս, առանձին հոգևոր աստիճան չէ, այլ պատվանուն նախընթաց հովվական ծառայության համար)։ Եվ երկրորդ՝ Կաթողիկոսն առաջնորդ է, բայց ոչ միապետ։ Եկեղեցական շատուշատ կարևոր հարցեր նա լուծում է մյուս եպիսկոպոսների, անգամ վարդապետների, քահանաների, ազգային գործիչների հետ խորհրդակցությամբ։

Հնում կաթողիկոսներն ու, առհասարակ, բոլոր հոգևարականներն էլ եղել են ամուսնացյալ, սակայն այսօր ամուսնանում են միայն քահանաները։ Բանն այն է, որ ժամանակի հետ փոխվել էին հոգևոր պահանջները։ Ազգային և հոգևոր նշանակության լրջագույն խնդիրներին զուգահեռ՝ պատմության ընթացքում բարձրաստիճան հոգևորականի հոգսերն այնքան ավելացան, որ նա պիտի իր ողջ ժամանակն ու կյանքը տրամադրեր Եկեղեցու ծառայությանն ու զորացմանը, ուստիև որոշվեց, որ նրա ընտանիքը հենց Մայր Եկեղեցին է՝ իր բոլոր հոգսերով, հոգևոր և ազգային հարցերի լուծմամբ, նաև տնտեսվարությամբ ու վարչարարությամբ։

Տեր Հուսիկ քհն Սարգսյան

Հավանեցի՞ր. տարածիր