Հայաստանյան արշավների և զբոսաշրջության մասին

Գևորգ Գասպարյանը Հայաստանի հայտնի արշավորդներից է։ Զբոսաշրջային ընկերություն է ղեկավարում։ Արդեն երկար տարիներ նա արշավներ և էքսկուրսիաներ է կազմակերպում ողջ Հայաստանով՝ ինչպես դեպի հայտնի տեսարժան վայրեր, այնպես էլ հայաստանյան բնաշխարհի թաքնված անկյուններ։

«Կրթադիտակի» հետ զրույցում փորձառու արշավորդը նկատում է, որ թեպետ Հայաստանի Հանրապետությունը տարածքով փոքր է, սակայն այդպես ասելով՝ մենք հասկանում ենք զուտ տարածությունը «Երբ երկրին նայում ես ըստ ռելևֆայնության, ապա կարող ես ենթադրել, թե այսքան սարերի և ձորերի մեջ ինչպիսի հրաշքներ կլինեն թաքնված՝ սկսած մշակութային կոթողներից, մինչև բնական հուշարձաններ: Հայտնի վանքերի և ամրոցների կողքին՝ մենք ունենք, օրինակ, 7000-ամյա ժայռապատկերներ Գեղամա լեռներում, Սյունիքի բարձրավանդակում և այլուր, որոնց մասին քչերը գիտեն, քչերն են տեսել, ունենք հնագույն բնակատեղիներ, որտեղ այցելությունները, մեղմ ասած, շատ չեն»։

Բնականաբար՝ քո երկրով ճամփորդելիս ավելի շատ ես կապվում արմատներիդ, գնահատում քեզ ժառանգվածը, ինքդ քեզ դրա մի մասնիկը զգում, հետևաբար ուժեղանում է նաև այն պահելու անձնական պատասխանատվության զգացումը: Սակայն Գևորգը մի այլ առավելություն էլ է նշում «Երբ լեռներ ես բարձրանում, կիրճեր անցնում, ավելի ես վարժվում խոչընդոտների հաղթահարմանը և դժվարություններին հարմարվելուն»։

Գևորգ Գասպարյանը նաև էքսկուրսավար է և ցավով է նշում, որ հայտնի ու արժեքավոր շատ կոթողներ ունենք, որոնց ճանապարհները անբարեկարգ են, բայց միևնույն ժամանակ՝ նա մի ուշագրավ դիտարկում է անում․ «Պետք է հստակ սահմանվի՝ որ կոթողի ճանապարհն արժե բարեկարգել, որինը՝ ոչ։ Պետք չէ ամեն տեղ ասֆալտապատել, լայն ճանապարհներ բացել, մանավանդ եթե, ասենք, տվյալ վանքը գտնվում խոր անտառում, ձորում կամ լեռան լանջին։ Դրանք պատահական չեն հենց այդտեղ հայտնվել։ Հետևաբար՝ Հայաստանը ճանաչել ցանկացողը՝ լինի հայ թե արտասահմանցի, պետք է այդ տեղանք հասնի ոտքով, հեծանիվով, ձիով։ Սովորաբար ճանապարհ կառուցելուց հետո դրա շուրջը կենտորանում են բիզնեսներ, ստեղծվում են հանգստյան գոտիներ, ժամանցի վայրեր, և գողտրիկ անկյունը հետզհետե կորցնում է իր անդորրն ու հմայքը։ Իսկ հիմնական բնակավայրերին մոտ գտնվող հուշարձանների համար, բնականաբար, լավ ճանապարհներ պետք են, որպեսզի սովորական զբոսաշրջիկը կարողանա հեշտ հասնել»։

Հավանեցի՞ր. տարածիր