«Նամակ պատանդին» և «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունները գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին, երբ սրտի կսկիծով լքելով օկուպացված Ֆրանսիան՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ժամանակավոր ապաստան էր գտել Միացյալ Նահանգներում: Երկու գործերում էլ ուղղակի և անուղղակի կերպով հիշատակվում է նրա մտերիմ ընկեր, ֆրանսիացի գրող Լեոն Վերթը: Վերջինս իր հրեական ծագման պատճառով 1940 թվականից ի վեր թաքնվում էր Ժյուրայում՝ ֆաշիստների հալածանքներից խուսանավելու համար: Նա է «Նամակ պատանդին» ստեղծագործության անանուն հասցեատերը, նրան է ձոնված «Փոքրիկ իշխանը»:
«Նամակ պատանդին» գործը, որում զգալի են աքսորի կեղեքող մենությունն ու հայրենիքի ճակատագրի մասին խորհելու ներքին անհրաժեշտությունը, լույս է տեսնում 1943-ին հեղինակային հրատարակությամբ: Նույն թվականին ամերիկյան «Reynal § Hitchcock» հրատարակչությունը անգլերեն և ֆրանսերեն տարբերակով լույս է ընծայում «Փոքրիկ իշխանը»՝ հեղինակի ջրանկարներով:
այստեղ: