Տունը նվիրական հասկացություն է։ Այս բառը լսելիս ոչ թե պարզապես շինություն ենք պատկերացնում, այլ մեր հարազատ վայրը, ջերմ անկյունն այս մեծ աշխարհում, որտեղ ապրում ենք ամենասիրելի մարդկանց՝ մեր ընտանիքի հետ։
Դեռևս հնագույն ժամանակներից ամեն ժողովուրդ ունեցել է տների կառուցման և կահավորման իր մշակույթը, որը դարերի ընթացքում զարգացել է, ունեցել փոխազդեցություններ այլ ազգերի տնաշինական մշակույթների հետ։ Սակայն մարդու կառուցած առաջին տունը եղել է փայտաշեն փոքրիկ խրճիթ՝ հողե տանիքով։
Տունը, ընդհանուր բնորոշմամբ, այն շինությունն է, որտեղ բնակվում են մարդիկ՝ հանգստանալու, բնության տարերքից պաշտպանվելու, հասարակական եռուզեռից առանձնանալու, հարազատների միջավայրում իրենց ավելի ապահով և ազատ զգալու համար։
Տները լինում են փայտե, աղյուսե, քարաշեն կամ երկաթբետոնե կառույցներ՝ մեծ կամ փոքր, համեստ կամ պերճ։
Արևմտյան մշակույթում սովորական տների մեծամասնությունը բաղկացած է մի քանի ննջասենյակից, հյուրասենյակից, խոհանոցից և լոգարանից։
Տները կարող են ունենալ նաև օժանդակ շինություններ՝ ավտոտնակ, մառան, ձեղնահարկ, խորդանոց՝ գործիքների և այլ պարագաների համար, հետնաբակ, պարտեզ։ Գյուղական տները հաճախ ունենանում են նաև ընտանի կենդանիների համար նախատեսված տարածքներ և հողամասեր բանջարեղենի, խաղողի կամ ծառերի մշակության համար։
Միջնադարում հասարակության վերին խավին պատկանող տները մեծ էին՝ հարմարեցված տարաբնույթ միջոցառումների՝ խնջույքների, պարահանդեսների, համերգների համար։ Այդպիսի տներում կարող էր ապրել մի ամբողջ գերդաստան՝ իր սպասավորներով հանդերձ։ Այդ «պալատում» հաճախ երկար ժամանակով կարող էր ապրել նաև հեռավոր վայրից եկած մի ընկեր կամ ազգական։
15-16-րդ դարերում եվրոպական քաղաքներում կառուցվում էին պալացոներ՝ բաղկացած իրար շարունակող բազմաթիվ սենյակներից, որոնցից շատերը զուտ շռայլության դրսևորում էին․ չունեին որևէ հատուկ նշանակություն, ինչպես գյուղական տներում։ Բացի այդ՝ չկային բաշխիչ միջանցքներ, և սենյակների տերերն անկաշկանդ գնում-գալիս էին տնով մեկ՝ ակամա խախտելով միմյանց անձնական կյանքի սահմանները․ քո սենյակ հասնելու համար պետք է անցնեիր ուրիշների սենյակներով։
Բաշխիչ միջանցքի գյուտը կատարել է անգլիացի ճարտարապետ Ջոն Թորպը (16-րդ դար), որն իր նախագիծը կոչել է «երկար անցուղի բոլորի համար»։ Միջանցքը տան բնակչին տվեց անձնական տարածքի անձեռնմխելիություն, և ընդհանուր գործածության սենյակները վերածվեցին մասնավորների, քանի որ միակ մուտքը՝ միջանցքից դեպի սենյակ, ծառայում էր միայն կոնկրետ նպատակով սենյակ մտնելու համար։
Սակայն մեր ժամանակների համար կացարանների օրինակելի տեսակ դարձան ուշմիջնադարյան հոլանդական տները։ Դրանք համեստ չափեր ունեին և նախատեսված էին մեկ ընտանիքի՝ չորս-հինգ հոգու համար։ Այդ ժամանակ Հոլանդիայում յուրաքանչյուրն ինքն էր պատասխանատու սեփական տան խնամքի, տնտեսական աշխատանքների համար։