Արցախ․ վաղնջական ժամանակներից հայտնի այս անունը, որով կոչվել է դեռ Մեծ Հայքի արևելյան նահանգներից մեկը, հնարավոր է, կազմվել է ար և ցախ արմատներից, որոնք երկուսն էլ հայերենին հարազատ ձևույթներ են։ Ըստ Հր. Աճառյանի՝ ար-ը հնդեվրոպական նախալեզվի արմատ է, որ նշանակել է հարմարել, կազմել, շտկել, պատրաստել, այստեղից էլ՝ Արարիչ, արարել, արար և մյուս բառերը, գրաբարյան առնել բայը (նշանակում է կատարել, նաև՝ ստեղծել, ստանալ), որի խոնարհված ձևերից են՝ արարի, արա՛։
Իսկ ցախ արմատի առկայությունը միանգամայն տրամաբանական է անտառախիտ տարածաշրջանի անվան կազմում։ Այդպես է կարծում նաև Ղևոնդ Ալիշանն իր մեծարժեք «Արցախ» աշխատության մեջ։ Այսպիսով՝ Արցախ կարող էր նշանակել ցախ տվող, ցախ պարգևող:
Սակայն Արցախն իր լեռների ու ձորերի թավ, անանցանելի անտառներով հայոց զորքին և ժողովրդին պարգևում էր նաև անխորտակ բնական պատնեշներ: Ահա թե ինչու են, ըստ Ալիշանի, մեր մատենագիրները՝ Բուզանդը, Եղիշեն, Խորենացին, Կաղանկատվացին և այլք, Արցախ աշխարհին տվել նաև Ամուր մակդիրը։
Արցախ անվան առաջացման մեկ այլ հնարավոր տարբերակ էլ կա, որի մասին քիչ է խոսվում։ Արցախյան բարբառում կա արցիլ բայը, որ նշանակում էր հյուսելու կամ գործելու պրոցեսը սկսել, այսինքն՝ առաջին կարը գցել։ Եթե նկատի ունենանք, որ Արցախը հնուց ի վեր նաև գորգագործության և, առհասարակ, ձեռագործ աշխատանքների կենտրոն է եղել, հավանական է նաև, որ հենց այս բառն է տեղանվան ձևավորման հիմքում։
Ն․ Ա․