Գիտենք, որ բառերը, բացի տվյալ ժամանակում իրենց արտահայտած իմաստից կամ իմաստներից (ներառյալ փոխաբերական նշանակությունները), ունեն նաև ներքին իմաստ, որը կարող է գիտակցվել կամ չգիտակցվել հանրության կողմից, բայց դա առանձնապես չի ազդում գրագետ խոսելու վրա։ Բառերի այդ ներքին իմաստը մենք բացահայտում ենք նրանց ծագումը պարզելով՝ ստուգաբանությամբ։ Սակայն ինչո՞ւ է ստուգաբանությունն անհրաժեշտ, եթե առանց դրա էլ կարելի է խոսել կիրթ ու անսայթաք։
Բանն այն է, որ շատ հաճախ բառի կամ արմատի հիմքում ուշագրավ մի պատմություն, ուսուցանող մի տեղեկություն է թաքնված լինում, ուստի ստուգաբանությունն ավելի մշակութային և ճանաչողական նշանակություն ունի։
Գիտե՞ք արդյոք, որ զգալ բայի հիմքում գալ-ն է, այսինքն՝ զգացմունքը մի բան է, որ դրսից դեպի քեզ է գալիս հաղորդվում։ Կամ՝ նախանձ-ը ստուգաբանվում է այսպես․ նախ իր անձի մասին մտածող։ Ապաշխարել բառը կազմված է աշխարել գրաբարյան բայից է և ապ- Ժխտական նախածանցից։ Աշխարել նշանակել է ողբալ, կսկծալ (այս բառը կարելի է հանդիպել Նարեկացու մատյանում), ուրեմն՝ ապաշխարել նշանակում է դադարել ողբալուց, ասել է թե՝ մեղքը քավելով՝ ազատվել խղճի խայթից։ Բարև բառը գրաբարյան նույն բարեաւ-ն է, այսինքն՝ բարյավ, բարով, չէ՞ որ բարևել նույնն է թե՝ միմյանց բարին ցանկանալ։
Հետաքրքիր են նաև հատուկ անունների ստուգաբանությունները․ դրանք գրեթե միշտ կապված են ինչ-որ պատմական իրադարձության, տվյալ ժողովրդի մեջ տարածված ավանդության հետ։ Էջմիածին անվան ծագումը, վստահ ենք, բոլորդ գիտեք։ Երևան-ինը՝ նույնպես։ Սևան անվան հետ կապված ավանդությունն է տխուր․ ասում են՝ Վանա լճի մոտակայքից գաղթածներն են լալով ասել․ «Սև Վան եկավ մեր գլխին», և սև Վան-ը դարձել է Սևան։
Բայց մեր զրույցն ավարտենք ուրախ նոտայով․ անշուշտ գիտեք նաև Տաթև-ի մասին ավանդությունը։ Վանքի քարագործ վարպետը կառուցումն ավարտելուց հետո դիմում է ներքևում սպասող իր բանվորներին ու երկու տաշեղ խնդրում։ Ստանալով՝ նա համբուրում է դրանք և ասում․ «Հոգին Սուրբ տա թև», այսինքն՝ Սուրբ Հոգուց թռչել է խնդրում։ Խոսքը բերանին՝ նրա ուսերին թևեր են բուսնում։ Վարպետը թռչում գնում է հրեշտակի թև առած՝ ասես որպես վարձատրություն իր աշխատանքի համար։