Առողջ քնի պայմաններն ու դերը

Քունն օրգանիզմի բնական պահանջմունքներից է, առողջության պահպանման, կարողունակության և առույգության վերականգաման կարևոր պայման։ Սակայն ինչպես քիչ քնելը, այնպես էլ երկարատև քունը վնասակար են առողջության համար։

7-8 ժամ քունը լիովին բավարար է 14-ից մինչև 64 տարեկան մարդկանց համար։ Սակայն կարևոր է ոչ միայն քնի տևողությունը, այլև ժամերը։ Իդեալական է, օրինակ, արթնանալ 7.30-ին, իսկ անկողին մտնել 23.45-ին։

Խաղաղ քնի համար կարևոր է նաև, թե ինչպիսի օր է ունեցել մարդը, առհասարակ ինչպիսի կյանքով է ապրում։ Օրվա ընթացքում ապրած անհանգստությունները, բարկությունը, ալկոհոլի և սուրճի հանդեպ հակումը, շատակերությունը, ծույլ կամ, հակառակը, վազքով լի կյանքը, մարդկային հարաբերություններում ունեցած խնդիրները բացասաբար են ազդում խաղաղ քնի վրա, ինչի պատճառով էլ այն լիարժեքորեն չի ծառայում իր նպատակին։

Իսկ առողջ քունը կարգավորում է ախորժակը, օրգանիզմի նյութափոխանակությունը, խթանում է ուղեղի կենտրոնացմանն ու արդյունավետ աշխատանքին։
Թերևս քչերը գիտեն, որ քունը նաև՝

  • պահպանում է իմունային համակարգը․
  • նվազեցնում է սրտային հիվանդությունների, շաքարային դիաբետի, արյան բարձր ճնշման և ինսուլտի վտանգը․
  • օգնում է քաշի կառավարմանը․
  • բարելավում է օրգանիզմի աթլետիկ ունակություններն ու առույգությունը։

Քնելուց առնվազն կես ժամ առաջ պետք է հրաժարվել հեռուստացույց դիտելուց, հեռախոսից, համակարգչի առջև աշխատելուց։ Հարկավոր է ձևավորել հանգստացնող մթնոլորտ, օրինակ՝ լոգանք ընդունել կամ լսել հանգստացնող երաժշտություն, ապահովել թույլ լուսավորություն։ Քնելիս կարևոր է կայուն շնչառությունը։ Եթե չեք կարողանում քնել, դուրս եկեք անկողնուց և միառժամանակ տեղափոխվեք մեկ այլ սենյակ։ Լավ գիրք կարդացեք կամ երաժշտություն լսեք, մինչև որ նորից քնելու ցանկություն զգաք։

Հավանեցի՞ր. տարածիր