Ի՞նչ է Պատարագը

Պատարագն ամենամեծ ծեսն է, պարզ ասած՝ ամենամեծ հանդիսությունը, որ Եկեղեցին կարող է կատարել։ Սուրբ Պատարագ մատուցվում է ամեն կիրակի, ինչպես նաև հատուկ տոների ժամանակ։ Յուրաքանչյուր հավատացյալ Պատարագին մի պահ վերանում է իր կենցաղային ու աշխատանքային բոլոր հոգսերից և հաղորդվում Աստծուն, ստանում մխիթարություն ու հոգևոր հանգստություն:

Սուրբ Պատարագը Սիրո խորհուրդն ունի, որովհետև Հայր Աստված հացն ու գինին վերածում է Իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը՝ դրանք բաշխելով ճաշակողներին ու նրանց միավորելով Իր հետ:

Պատարագի արարողության գիրքը կոչվում է Պատարագամատույց կամ Խորհրդատետր: Պատարագի արարողության կարգն առաջին երեք դարերում ընդհանուր էր բոլոր քրիստոնեական եկեղեցիներում:

Ս. Գրիգոր Լուսավորիչը, Կեսարիայից բերելով Բարսեղյան Պատարագամատույցը, այն ավանդեց Հայ Եկեղեցուն: Ժամանակի ընթացքում Խորհրդատետրը քանիցս մշակվել է և գործածվում է մինչ օրս։

Պատարագը մատուցում է քահանան (կամ ավելի բարձրաստիճան հոգևորական), իսկ նրան օգնում են սարկավագներն ու դպիրները: Դպիրները ներկայացնում են ժողովուրդին, և նրանց երգեցողությանն իսկապես էլ հաճախ միանում է արարողությանը ներկա հավատացյալների բազմությունը։ Սարկավագը պատարագիչ քահանայի անմիջական սպասավորն է, միջնորդը նրա և դպիրների, այսինքն՝ ժողովրդի միջև:

Դպիրները, «Խորհուրդ խորին» շարականը երգելով, քահանայի և սարկավագի հետ գալիս են եկեղեցու ատյան, և քահանան լվանում է ձեռքերը՝ ծածուկ աղոթելով: Լվացումը խոհրդանշում է մեղքերից մաքրվելը:

Այնուհետև պատարագիչը, դառնալով դեպի ժողովուրդը, Աստվածածնի բարեխոսությամբ հրապարակայնորեն խոստովանում է իր մեղքերը: Այս օրինակով էլ ժողովուրդը մինչև հաղորդվելը պարտավոր է մաքրվել՝ խոստովանել իր մեղքերը և ապա միայն ճաշակել: 

Խոստովանելուց հետո պատարագիչը սաղմոսերգությամբ բարձրանում է բեմ, մեծ վարագույրը փակվում է և դպիրները երգում են հոգևոր մեղեդի կամ օրվան պատշաճ տաղը, իսկ քահանան Նարեկացու աղոթքով հայցում է Սուրբ Հոգու օգնությունը՝ Խորհուրդը կատարելու: Վարագույրի փակվելը խորհրդանշում է մարդկանց և Աստծո միջև բաժանումը մեղքի պատճառով:

Իջնելով Սբ․ Խորանից՝ քահանան շրջում է եկեղեցու սրահով, խնկարկում ու օրհնում հավատացյալներին և պտտվելով վերադառնում բեմ: Պատարագի այս մասը կոչվում է Աշխարհագալոց և խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մարդեղացումը, մեր բնությանը հաղորդ լինելը, Ավետարանի անուշահոտ բուրմունքի տարածումը, իսկ դարձյալ Խորան բարձրանալը ՝ Աստծու Որդու Համբարձումը։

Ապա սկսվում է բուն Պատարագը։ Նախ սարկավագը «Օրհնեա՛ Տէր» ասելով, քահանայից օրհնություն է հայցում, իսկ «Եւ ևս խաղաղութեան» աղոթքով խնդրում այն երկնային խաղաղությունը, որը Հիսուս խոստացավ Իր աշակերտներին (Հովհ. ԺԴ): Ի պատասխան՝ քահանան բաձրաձայն արտասանում է «Տէր Աստուած մեր» աղոթքը և դպիրները երգում են տվյալ օրվա սաղմոսն ու շարականը:

Հաջորդում է քահանայի ծածուկ աղոթքը, ուր նա հրեշտակային դասի աջակցությունն է խնդրում՝ իր պաշտոնը կատարելու, որից հետո Ավետարանը բարձրացնելով՝ ի տես ժողովրդի տալիս է սարկավագին, ով աջակողմյան դասից ձախակողմյանն է անցնում, որի ընթացքում դպիրները երգում են «Երեքսրբյանը» («Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ»):

Այդ ընթացքում շարժվում են քշոցները, ինչը խորհրդանշում է հրեշտակների բոլոր դասերի ներկայությունը: «Երեքսրբյանից» հետո սկսվում է սարկավագի «Համաշխարհական քարոզը», ուր նա Տիրոջից խաղաղություն է խնդրում՝ վերին խաղաղությունը, և այդ կարգով էլ՝ վերից ներքև, խաղաղություն խնդրում աշխարհի, կաթողիկոսի, թեմի առաջնորդի, հոգևորականների, ժողովրդի համար: «Համաշխարհականի» վերջում սարկավագը հիշում է ինչպես ապրողներին, այնպես էլ ննջեցյալներին, ովքեր անբաժան են Եկեղեցուց:

Սկսվում է ընթեցանության պահը. հատվածներ են հնչում նախ մարգարեական գրքերից և առաքելական թղթերից, ապա՝ Ավետարանից: Այնուհետև սարկավագը դառնում է դեպի Սուրբ Սեղանը և Ավետարանը բաձրացրած՝ ասում է հավատի խոստովանությունը՝ «Հավատամքը», իսկ ժողովուրդը ձեռնամած հետևում է՝ ցածրաձայն կրկնելով այն: Այնուհետև սարկավագը Աստծուն խնդրում է ընդունել մեր աղաչանքները, իսկ քահանան իր ծածուկ աղոթքով դիմում է Հիսուսին, որպեսզի Նա ների ժողովրդի մեղքերը: Նույնը պատարագիչ քահանայի համար դպիրներն են խնդրում՝ ասելով. «Եւ ընդ հոգւոյդ քում»:

Քահանան հանում է սաղավարտը, որը խորհրդանշում է, թե մինչ այդ նա իր մեջ կրում էր Հիսուսի իշխանական փառքը, իսկ հիմա մտնում է ծառայական կերպի մեջ, սպասավոր դառնում աստվածային փրկարար Խորհրդին:

Այստեղ սարկավագը հնչեցնում է «Մի ոք երախայից» կոչը՝ հորդորելով հավատի մեջ տկարներին և երախաներին, այսինքն՝ չմկրտվածներին, դուրս գալ գավիթ, քանի որ նրանք դեռ պատրաստ չեն մասնակցելու սրբազան Խորհրդին: Սրան հետևում է «Մարմին տերունական» երգը, որով դպիրները, այսինքն՝ ժողովուրդը, խոստովանում են, որ հավատում են Տերունական Մարմնի և Փրկչական Արյան՝ Սբ․ Սեղանի առաջ գտնվելուն: Այնուհետև սարկավագը խունկ է ծխում Սբ. Սեղանին և գնում Խորհրդանոց, հնչում են քշոցները, դպիրները երգում են օրվան համապատասխան սրբասացությունը, իսկ քահանան ծածուկ աղոթքով բազկատարած խնդրում է, որ Աստված զորացնի իրեն՝ ընծաները մատուցելու և խորհուրդը կատարելու: Աղոթքից հետո քահանան մի քայլ հեռանում է Սբ. Սեղանից և սպասում սարկավագի ձեռքից ընծաներն ընդունելուն: Քահանան ընծաները դնում է Ս. Սեղանի վրա, անմիջապես մատների ծայրերը լվանում: Այս լվացումը կատարվում է վերջին ընթրիքի լվացման օրինակով։

Սարկավագը քարոզում է, որ ինչպես քահանան լվացվեց, նմանապես և ժողովուրդը առջև անթերի, կատարյալ հավատով մոտենա Սբ. Սեղանին՝ հաղորդվելու: Ծածուկ աղոթքից հետո քահանան հրաման է տալիՍբ․ «Ողջոյն տո՛ւք միմեանց ի համբոյր սրբութեան»։ Սկսվում է ողջույնի պահը: Մեր եկեղեցում սրբության համբույրը փոխանցում են աջ և ձախ այտերն իրար մոտեցնելով: Այդ պահին քահանան սկիհի քողը կիսով չափ բացում է, որպեսզի երևա ընծան՝ նշխարը և ասում. «Ողջոյն Քեզ, Քրիստոս ի մեջ մեր յայտնեցաւ», որին հետևում է սարկավագի պատասխանը. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի», և դպիրները երգում են «Քրիստոս ի մեջ մեր յայտնեցաւ» երգը: Նույն խոսքերով էլ հավատացյալները ողջույնը փոխանցում են իրար:

Ողջույնից հետո սարկավագը զգուշացնում է ահով ու երկյուղով կանգնել, քանի որ մոտ է Հաղորդության պահը, և Աստծո Գառը մեր փրկության ու մեղքերի համար պատարագվում է: Հետևում է «Զդրունս, զդրունս…» զգուշացնող հրամանը, որով կոչ է արվում փակել մեր մտքի, սրտի խորհուրդների դռները և կենտրոնանալ միայն փրկագործության խորհրդի վրա: Ապա երգում ենք «Սուրբ, սուրբ, սուրբ…»: Եսայի մարգարեի այս խոսքերը հրեշտակների երգն են, ուր նրանք փառաբանում են Աստծուն (Եսայի Զ 3): 

Քահանայի ծածուկ աղոթքների ժամանակ դպիրները երգում են «Յամենայնի օրհնեալ ես» երգը, իսկ պատարագիչը երեք անգամ օրհնում Հացը, երեք անգամ՝ Գինին, և երեք անգամ Հացն ու Գինին միասին: Այդ պահից դրանք դառնում են Հիսուսի Մարմինն ու Արյունը:

Սկսվում է հիշատակությունների շարքը. հիշվում են Սուրբ Աստվածածինը, Սուրբ Հովհաննես Մկրտիչը, Սուրբ Ստեփանոս Նախավկան և ուրիշ սրբեր: Հիշատակումների այս շարքը խորհրդանշում է զինվորյալ (ապրողների) և հաղթական (ննջեցյալների) եկեղեցիների միությունը: Այնուհետև ընդունված կարգի համաձայն՝ արարողությունն ընդհատվում է, և պատարագիչը կամ որևէ բարձրաստիճան հոգևորական սկսում է քարոզել ժողովրդին՝ ըստ օրվա նյութի կամ սուրբգրային որևէ բնաբանի:         

Քարոզխոսության ավարտից հետո քահանան բարձրաձայն ասում է. «Եւ տուր մեզ համարձակաձայն բարբառով…» աղոթքը, և ժողովուրդը, որպես խնդրանքների փակում, արտասանում՝ «Հայր մեր» աղոթքը:

Մոտենում է ճաշակման պահը։ Ժողովուրդը ծնկի է գալիս, իսկ քահանան գլուխը ծածուկ աղոթում է Սուրբ Հոգուն՝ խնդրելով որ Աստված ողորմի խոնարհված ժողովրդին: Հետևում է սարկավագի կոչը՝ «Պռոսխումէ», որով ուշադրություն է հրավիրում տեսնելու Տերունական Մարմինը: Եվ այդ պահին քահանան, Սուրբ Մարմինը բարձրացնելով, ասում է՝ «Ի սրբութիւն սրբոց», այսինքն՝ ահա սրբերի սրբությունը՝ Սուրբ Մարմինը: Այնուհետև հետևում են քահանայի օրհնությունները և աղոթքը՝ արժանի լինելու այդ Մարմնին ու Արյանը: Քահանան համբուրում է Սեղանը և Սբ. Մարմինն ընկղմում Արյան մեջ, ապա վեր բարձրացնելով՝ դառնում դեպի ժողովուրդը, խաչակնքում նրան և հետ շրջվելով՝ Սրբությունը դնում Սեղանի վրա:

Վարագույրը փակվում է․ «Տէր ողորմեա» երգի պահն է. ժողովուրդը ծնկի է գալիս, քահանան ծածուկ աղոթում է վարագույրի հետևում, Սուրբ Հացը չորս մասի բաժանում և թողնում սկիհի մեջ՝ ասելով՝ «Լրումն Հոգւոյն Սրբոյ»: Ապա շարունակում է ծածուկ աղոթքը (Ոսկեբերանի աղոթք)՝ խնդրելով, որ Աստված իրեն և ժողովրդին արժանի դարձնի Մարմնին ու Արյանը հաղորդվելուն: Վարագույրը բացվում է, և արժանավորները, մոտենալով Սբ. Սեղանին, հաղորդվում են՝ Սրբությունն առանց ծամելու կուլ տալով:

Ժողովրդին հաղորդություն տալուց հետո պատարագիչ քահանան վերադառնում է Խորան, վարագույրը կրկին փակվում է, և քահանան ճաշակում է սկիհի մեջ մնացած Մարմինն ու Արյունը, մաքրում սկիհը, սրբում և սքողում՝ գոհություն հայտնելով Սուրբ Երրորդությանը: Գոհաբանական աղոթքին միանում են նաև դպիրները: Աղոթքից հետո քահանան լվանում է ձեռքերը, սաղավարտը դնում գլխին: Վարագույրը բացվում է, և քահանան վերջին անգամ երկրպագում է Սբ. Սեղանի առջև, վերցնում Ավետարանը և իջնում Բեմից` արտասանելով «Որ օրհնես…» աղոթքը:

Ինչպես քահանան արարողության սկզբում սաղավարտը գլխին բեմ բարձրացավ, այդպես էլ պիտի իջնի, քանի որ քահանան Քրիստոսի օրինակն է, իսկ Քրիստոսն ինչպես երկինք բարձրացավ, այնպես էլ պիտի վերադառնա` դատելու մարդկանց` ըստ իրենց գործերի:

Ծեսն ավարտված է։ Ընթերցվում է Ավետարանը (Հովհ. Ա 1-14), որից հետո ժողովուրդը «Պահպանիչ» աղոթքով արձակվում է:

Ըստ qahana.am կայքի

Հավանեցի՞ր. տարածիր