Վիրավորանքին վիրավորանքով պատասխանելուց առաջ եկեք մտածենք․ արժե՞ արդյոք իջնել մինչև քինախնդրության աստիճան։ Չէ՞ որ այն սովորաբար գտնվում է ինչ-որ ստորին տեղում, և պետք է «խոնարհվես», որպեսզի հասնես նրան։
Եթե ամեն դեպքում որոշել եք «վիրավորվել», ուրեմն նախ համապատասխան մաթեմատիկական հաշվարկ կատարեք՝ հանում, բաժանում և այլն։ Ենթադրենք՝ ձեզ վիրավորել են մի բանի համար, որում մասամբ եք մեղավոր։ Հանե՛ք վիրավորանքի այն բաժինը, որ ձեզ չի վերաբերում։ Իսկ եթե ձեզ հետ կոպիտ են խոսել ազնիվ շարժառիթից ելնելով, համեմատե՛ք ձեր վիրավորանքը ազնիվ նպատակի հետ, հանուն որի խրատի եք արժանացել։ Մտքում նման «հաշվումներ» անելով՝ դուք կատարվածին կարձագանքեք մեծահոգությամբ, և որքան քիչ նշանակության տաք վիրավորանքին, այնքան ավելի բարձր կլինի Ձեր արժանապատվությունը։
Մի խոսքով՝ խռովկանությունը իմաստության պակասի կամ ինչ-որ ներքին բարդույթի հետևանք է։ Իմաստո՛ւն եղեք։
Հասարակ աննրբանկատության դեպքում (որը տվյալ մարդուն կարող է բնորոշ լինել տարիքի կամ ինչ-որ հոգեբանական խնդրի պատճառով) վիրավորվել պետք չէ։ Հակառակը՝ այդպիսի մարդուն ավելի մեծ ուշադրության արժանացրեք․ այդպես գեղեցիկ ու ազնվաբարո կլինի։
Սա, երբ ձեզ են «վիրավորում»։ Իսկ ի՞նչ անել, երբ ուրիշն է ձեզնից վիրավորվում։ Նեղացկոտ կամ չափազանց նրբազգաց մարդկանց հանդեպ պետք է բազմակի անգամ ավելի ուշադիր լինել։ Չէ՞ որ նեղացկոտությունը բնավորության մի գիծ է, որ տանջում է նախ նրան, ում այն հատուկ է։
Դ․ Լիխաչով, «Զրույցներ բարու և գեղեցիկի մասին»