ՄՐՋՅՈՒՆԸ
Հենց լուսաբացը հնչում է՝
Ոտի վրա է մրջյունը:
Գիտի՝ երբ է ելնում քնից,
Գիտի՝ երբ է ելնում բնից,
Գիտի, թե երբ ուր է գնում,
Գիտի՝ ինչ է պակաս բնում,
Գիտի, թե որ դաշտից բերրի
Շալակն առած ինչ կբերի,
Ուր կդնի, կմշակի՝
Ըստ մրջնային իր ճաշակի…
Գիտի՝ երբ է ելնում քնից,
Գիտի՝ երբ է ելնում բնից,
Գիտի, թե երբ ուր է գնում,
Գիտի՝ ինչ է պակաս բնում…
Գիտի, թե ինչ է պետք պապին,
Գիտի, թե ինչ է պետք տատին,
Գիտի՝ ինչով պիտի գերի
Ցեղակիցներին հարգելի,
Երբ որ փակեն դռները տան
Ու վայելեն երանությամբ
Մեկիկ-մեկիկ կուտակածը,
Ձմռան համար ամբարածը…
Գիտի, թե ինչ է պետք պապին,
Գիտի, թե ինչ է պետք տատին,
Գիտի՝ ինչով պիտի գերի
Ցեղակիցներին հարգելի…
Հենց լուսաբացը հնչում է՝
Ոտի վրա է մրջյունը:
ԱՌՎԱԿՆ ՈՒ ԳԵՏԸ
Առվակն ասաց.
– Ա՛յ Թարթառ,
Ինձ էլ առ ու քեզ հետ տար,
Բայց ոչ մարգերը օտար…
Կուզես՝ քարոտ լանջով տար,
Կուզես՝ ահեղ կիրճով տար,
Բայց ոչ հանդերը օտար…
Կուզես՝ ձորում կուտակված
Ավազով ու խիճով տար:
Տար ինձ, ուր կկամենաս,
Տար ինձ, ինչքան կամենաս,
Տար ինձ, տար,
Տար ինձ, տար,
Բայց ոչ մարգերը օտար,
Բայց ոչ հանդերը օտար,
Տար ինձ, տար,
Տար ինձ, տար…
Հասկացա՞ր ինձ, այ Թարթառ:
ՆԻՆՋԸ
Նինջը ասաց՝ մտնեմ տուն,
Ինձ են մնում տանն արթուն
Հոգնած աչքեր ու մեջքեր,
Հոգնած ոտքեր ու ձեռքեր,
Հոգնած գլուխ, հոգնած միտք,
Հոգնած խաղեր, հոգնած գիրք…
Մարդ չմնաց էլ արթուն,
Բոլորի հետ մտան քուն
Հոգնած աչքեր ու մեջքեր,
Հոգնած ոտքեր ու ձեռքեր,
Հոգնած գլուխ, հոգնած միտք,
Հոգնած խաղեր, հոգնած միտք…
Նինջը լույսերը մարեց,
Մտավ տուն ու ծվարեց,
Եվ աստղերի տակ բարի
Քունը տարավ աշխարհի:
ՓԱՅՏՓՈՐԻԿԻ ԵՐԳԸ
Այս աղմուկը անտառում՝
Տուկ-տուկ-տուկ,
Տուկ-տուկ-տուկ…
Երբեք էլ չի դադարում՝
Տուկ-տուկ-տուկ,
Տուկ-տուկ-տուկ…
Աղմուկից այդ օգտակար
Գոհ է մի ողջ լեռնաշխարհ.
Գոհ է ծիտը, գոհ է բուն,
Գոհ են աղվեսն ու կկուն…
Փայտփորիկն է․ օրն ի բուն՝
Տուկ-տուկ-տուկ,
Տուկ-տուկ-տուկ…
Բուժում ծառ ու ծառաբուն՝
Տուկ-տուկ-տուկ,
Տուկ-տուկ-տուկ…
Գոհ են սկյուռ ու ոզնի,
Գոհ է եղնիկը ազնիվ,
Գոհ են թիթեռ ու բզեզ,
Գոհ են ովքեր որ ասես…
Ով ծանոթ է այդ երգին՝
Կացին չի առնի ձեռքն իր,
Չէ՞ որ ամոթ է կտրել
Ծառն այն, որ հավքն է փրկել:
Աղմուկից այդ օգտակար՝
Գոհ է մի ողջ լեռնաշխարհ.
Գոհ է ծիտը, գոհ է բուն,
Գոհ են աղվեսն ու կկուն,
Գոհ են սկյուռ ու ոզնի,
Գոհ է եղնիկը ազնիվ,
Գոհ են թիթեռ ու բզեզ,
Գոհ են ովքեր որ ասես.
Տուկ-տուկ-տուկ,
Տուկ-տուկ-տուկ…