2018 թվականի պետական հաշվառման տվյալներով՝ անտառները կազմում են մեր երկրի տարածքի շուրջ 11.1 %-ը։
Հայաստանի անտառները հանդիպում են հյուսիսային ու հարավային շրջաններում՝ բույսերի 300-ից ավելի տեսակով։ Ամենաշատը տարածված են հաճարենու, կաղնու և բոխու անտառները, թեպետ կան նաև գիհիներ, նեղատերև տանձենիներ, վրացական թխկի, խնկենի, նշենի և այլն։
Երկրի կենտրոնական շրջաններում, օրինակ՝ Արարատյան դաշտում, այսօր անտառներ չեն հանդիպում, սակայն պատմագրություն վկայում է, որ վաղ անցյալում այդ տարածքները ևս ծածված են եղել անտառներով, հաճախ՝ տնկված մարդու կողմից։ Մովսես Խորենացին հիշատակում է Արմավիր մայրաքաղաքի մոտ ազգապետ Արամանյակի տնկած Սոսյաց անտառի մասին։ Երվանդ Չորրորդ արքան Շիրակում տնկել է Ծննդոց անտառը, Խոսրով Երկորդը՝ Խոսրովակերտ և Տաճար մայրի անտառները, որոնք շրջափակվել են պարիսպներով և բնակեցվել կենդանիներով ու թռչուններով։
1991-ին էներգետիկ ճգնաժամի և տնտեսական շրջափակման պատճառով հատվել են բազմաթիվ անտառներ, խախտվել է անտառի ջրաբանական ռեժիմը, ակտիվացել են էրոզային երևույթները, սողանքներն ու հեղեղումները։
Մեր անտառները, բնականաբար, լեռնային են, ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան, հակաէրոզային, ջրակարգավորիչ, կլիմայակարգավորիչ նշանակություն։ Առհասարակ՝ անտառներն օդը հարստացնում են թթվածնով, բարձրացնում են օդի հարաբերական խոնավությունը, կարգավորում մթնոլորտային տեղումների քանակը, մեղմացնում կլիման, բարերար ազդեցություն թողնում շրջակա դաշտերի բերքատվության և մարդու առողջության վրա։ Ուստի անտառածածկ տարածքների մեծացումն այսօր կարևոր խնդիր է Հայաստանի համար։