Մարդն իր ծննդյան առաջին իսկ օրից զարգանում է։ Նա «սլանում» է դեպի ապագա․ ուսում է ստանում, սովորում է իր առջև նոր խնդիրներ դնել՝ անգամ առանց գիտակցելու դա։
Եվ որքա՜ն արագ է իր դիրքը հաստատում կյանքում։ Դեռ երեկ էր, երբ ծնվեց, բայց արդեն գդալն է կարողանում ձեռքում պահել, առաջին բառերն է արտասանում։
Մանկության և պատանեկության տարիներին մարդը շարունակում է սովորել։ Եվ ահա գալիս է գիտելիքները գործադրելու ժամանակը, ժամանակը հասնելու նրան, ինչին ձգտում էր։
Հասունության տարիք․ այժմ պետք է ապրել ներկայով։ Սակայն վազքը չի դադարում, միայն թե ուսման փոխարեն՝ արդեն հասարակական դիրք ձեռք բերելու համար։ Ընթացքը շարունակվում է իներցիայով։ Մարդն անվերջ «շտապում» է դեպի ապագա, սակայն այդ ապագան արդեն կապված է ոչ թե սովորելու, իր գործում վարպետանալու հետ, այլ հարմարավետ կարգավիճակի հասնելու։
Այսպիսով՝ զարգանալու իմաստը, իրական իմաստը կորսվում է։ Ներկան այդպես էլ չի գալիս․ անվերջ մի դատարկ ձգտում է դեպի ապագա։ Սա հենց կարիերիզմն է՝ անհանգիստ վիճակ, որ մարդուն ներքուստ դժբախտ է դարձնում, իսկ շփման մեջ՝ բարդ։
Դ․ Լիխաչով, «Զրույցներ բարու և գեղեցիկի մասին»