Ներկայացնում ենք մի հատված վերջերս լույս տեսած «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» գրքից (Երևան, 2021 թ․, էջ 164-165, hեղինակ-կազմողներ՝ Յու. Ավետիսյան, Գ. Ներսեսյան, Շ. Գևորգյան, Ս. Գաբրիելյան):
Որպեսզի հեշտությամբ կարողանանք հետևել սեփական խոսքի տրամաբանականությանը, պետք է իմանանք, թե հատկապես ինչ պատճառներով և որ դեպքերում են առաջանում սխալները: Դրանք առավելապես հանդիպում են բառագործածության մեջ և շարահյուսական կառույցներում:
ա) Տարաբնույթ հասկացությունների համադրություն կամ հասկացությունների շփոթ: Համեմատվող կամ հակադրվող երևույթները տարբեր բնույթի են՝ տարասեռ: Օր.` «Բնական ջրերում լուծված աղի քանակը տարբեր է անապատային աղի լճերից». քանակը հասկացությունը հանդիպադրվում է անապատային աղի լճերին և ոչ թե նրանցում եղած աղի քանակին: Կամ՝ «Տորֆամամուռի կլանած ջրի կշիռը 20-30 անգամ գերազանցում է չոր նյութին (<=չոր նյութի կշռին)»: Մի հասկացությունը թյուրիմացաբար գործածվում է մյուսի փոխարեն, օր.` «Անհամբեր սպասում եմ իմ ծննդյան օրվա մոտենալուն» (ոչ թե մոտենալուն, այլ օրվան), «Կարևոր խնդիրներից է չոր եղանակային պայմաններում բույսերի վերգետնյա կանաչ զանգվածի մթերման հարցը» (ոչ թե հարցը, այլ մթերումը):
Հասկացությունների շփոթը հաճախ առաջանում է բառը բաց թողնելու կամ խոսքը ոչ լիարժեք ձևակերպելու հետևանքով: Օր.` «Կարճալիք ճառագայթների պատճառով Արևի ուղիղ լույսը մոլորակի մակերեսի մոտ դեղին երանգ է ստանում». ոչ թե ճառագայթների պատճառով, այլ ճառագայթների կլանման պատճառով:
բ) Բառիմաստի չիմացություն կամ սխալ բառագործածություն: Օր․՝ «Երկրագնդի 930 ակտիվ հրաբուխները հաճախ մարդկային զոհերի և մեծ ավերածությունների առիթ (պատճառ) են դառնում», «Իրականացան նրանց ծրագրերը. ասել է թե` նրանց բոլոր հույսերն ի դերև ելան». այս մտքերի հեղինակները ակնհայտորեն չգիտեն ընդգծված բառերի իմաստները և դրանք գործածել են հակառակ նշանակությամբ կամ պարզապես այլ բառերի փոխարեն:
գ) Միմյանց «ներառող» հասկացությունների համատեղ գործածություն: Օր.՝ «Հասարակական և բնական գիտությունները, ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը ձգտում են գիտական մեթոդներով լուսաբանել աշխարհը ղեկավարող կանոնները». բնական գիտությունները բառակապակցությունն արդեն իսկ ներառում է բնագիտության զանազան ճյուղերը: Մեկ այլ օրինակ` «Գորտերը սնվում են փափկամարմիններով, հոդվածոտանիներով և այլ տարատեսակ որդերով»: Նախադասությունը այնպես է ձևակերպված, որ թվում է, թե փափկամարմիններն ու հոդվածոտանիները նույնպես որդերի տեսակներ են, որը ոչ միայն տրամաբանական չէ, այլև սխալ է: Պետք է լիներ` «Գորտերը սնվում են փափկամարմիններով, հոդվածոտանիներով և տարատեսակ որդերով»:
դ) Տարասեռ դասակարգում: Դասակարգվող, համեմատվող կամ հակադրվող երևույթները նույն բնույթի չեն: Օր.՝ «Տունդրայում ձմռանը միջին ջերմաստիճանը տատանվում է -20-ից մինչև -50 °C-ի սահմաններում, իսկ ամռանը հողի ընդամենը 0,5 – 1,5 մետրանոց շերտ է հալվում» դատողության առաջին մասը ենթադրել է տալիս, որ երկրորդ մասում նույնպես խոսքը պիտի վերաբերեր ջերմաստիճանին և ոչ թե հողային շերտին: Այլ օրինակ` «Հայ մարդուն հավասարապես հոգեհարազատ են հույն Սոֆոկլեսը և իտալացի Դանթեն, ռուս Տուրգենևը և գերմանացի Հայնեն, Սերվանտեսը և Շեքսպիրը». քերականորեն ճիշտ ձևակերպված այս նախադասության մեջ տրամաբանական անճշտություն կա. թվարկվող առաջին չորս հեղինակները բնութագրվում են որոշակի հատկանիշով (ազգությամբ), մյուս երկուսը` ոչ: Մինչդեռ խոսքի տրամաբանությունը կառուցված է գաղափարական հենց այդ հենքի վրա, այն է՝ համաշխարհային գրականության բոլոր մեծերն էլ, անկախ ազգությունից, իրենց արվեստի ուժով հոգեհարազատ են հայ մարդուն:
ե) Սխալ շարադասություն: Օր.` «20-րդ դարի երկրորդ կեսին սնկերը և ջրիմուռների որոշ տեսակներ դասվեցին առանձին կարգերի մեջ, որոնք չունեին անոթային և արմատային համակարգեր». որոնք-ը լրացնում է սնկերին ու ջրիմուռներին. մտքի տրամաբանական ընթացքը խաթարվում է: Ճիշտ է` «20-րդ դարի երկրորդ կեսին առանձին կարգերի մեջ դասվեցին սնկերը և ջրիմուռների որոշ տեսակներ, որոնք չունեին անոթային և արմատային համակարգեր»: «Արագ կատարվող ՄԻԱՎ-ի թեստերը հնարավորություն են տալիս ներկայացնելու արդյունքները այցելության հենց առաջին օրը»: Պետք է լինի՝ «ՄԻԱՎ-ի արագ կատարվող թեստերը հնարավորություն են տալիս…»: