Մարմնամարզություն

Մարմնամարզությունն (գիմնաստիկա) աշխարհի ամենահին և ամենաօգտակար սպորտաձևերից է։ Այն ներառում է զանազան վարժությունների մի ամբողջ համակարգ՝ նպաստելով մարդու առողջության և դիմացկունության ամրապնդմանը, ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը, ուժի, ճարպկության և շարժունակության կատարելագործմանը:

Մարմնամարզական շարժումները խթանում են ձեռքերի, ոտքերի, ուսերի, մեջքի, կրծքավանդակի և որովայնի մկանների զարգացումը։ Մտավոր ունակություններից մարմնամարզությունը զարգացնում է մարդու զգոնությունը, ամրապնդում խիզախությունը, ինքնավստահությունը, ինքնատիրապետումն ու ինքնակազմակերպումը։

Տարածված են ընդհանուր զարգացման, կիրառական և մարզական մարմնամարզությունները:

Ընդհանուր զարգացման մարմնամարզությունը ներառում է հիգիենիկ և աթլետիկ ձևերը: Կիրառական մարմնամարզության տեսակներից են բուժական, ռազմակիրառական ձևերը: Մարզական մարմնամարզությունն ընդգրկում է մարզական, գեղարվեստական մարմնամարզությունները և մարզական ակրոբատիկան:

Մարզիկները կատարում են ակրոբատիկ՝ ազատ վարժություններ գորգի վրա: Կանանց ազատ վարժություններն ուղեկցվում են երաժշտությամբ: Վերջիններս մրցում են տարբեր բարձրության զուգափայտերի, մարմնամարզական ձողիդ վրա և ազատ վարժություններում, հենացատկերում: Տղամարդիկ մրցում են նժույգներով, օղակների, զուգափայտերի և պտտաձողի վրա, ինչպես նաև ազատ վարժություններում, հենացատկերում:

Գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվում են միայն կանայք: Մարզուհիները երաժշտության ուղեկցությամբ կատարում են վարժություններ մարզական առարկաներով (օղակ, ժապավեն, գնդակ, ցատկապարան և գուրզ) կամ առանց դրանց:

Մարզական ակրոբատիկայում մրցում են անհատապես, զույգերով, եռյակներով կամ քառյակներով: Այս ձևը միավորում է զանազան ակրոբատիկ ցատկեր ուղեգորգի վրա, տղամարդկանց կամ կանանց զույգերի խմբային և ուժային վարժություններ (շրջապտույտներ, վերնետումներ և այլն), որոնց խնդիրը և՛ սեփական, և՛ խաղընկերոջ հավասարակշռության պահպանումն է տարածության մեջ:

Հավանեցի՞ր. տարածիր