Այգեպան Մոսին

Մկրտիչ Կորյունի հեքիաթը

Ասում են՝ հին ժամանակ մեր աշխարհում Մոսի անունով մի այգեպան էր ապրում: Այգեպան Մոսին այնպիսի զորություն է ունենում, որ ինչ քար ու ապառաժի ձեռք է տալիս, վարդ ու մանուշակի է փոխում, ինչ անապատ որ ոտք է դնում, ծաղկած այգի է դարձնում:

Այգեպանի համբավը հասնում է թագավորին: Թագավորը կանչում է նրան:

– Գնա՛,- ասում է,- թող քոնը լինի իմ երկրի ամենամեծ անապատը․ եթե այնտեղ կյանք աճեցրիր, անապատը քեզ կընծայեմ, քո անունով կկոչեմ, քեզ կկարգեմ իմ երկրի գլխավոր այգեպան…

Գնում է այգեպան Մոսին ու ժողովրդին իր շուրջը հավաքած՝ մտնում անապատ: Մի օր լուր են տալիս թագավորին.

– Չես ասի, թագավո՛րն ապրած կենա, քո ամենամեծ անապատը ծաղկել, այգի է դարձել: Ի՜նչ են քո պալատական այգիները այն ծաղկած անապատի համեմատությամբ: Ապրում են այնտեղ մարդիկ գոհ ու երջանիկ, չկան որբեր, սով ու կարիք…

Թագավորն ուզում էր իր աչքով տեսնել ծաղկած անապատն ու նրա երջանիկ բնակիչներին: Տեղ է հասնում այն ժամանակ, երբ վերջալույսը ոսկու մեջ էր ընկղմել երկիրն ու երկինքը, իսկ ժողովուրդն այգեպանի հետ աշխատում էր ծաղկած անապատում։

Ամենուրեք ժպտում էին վարդի տունկերը՝ սոխակների մետաքսահյուս բները վրան: Փիրուզե թիթեռները, ոսկեթև մեղուները ճախրում էին օդում, ապա իջնում, համբուրում վարդի թերթերը, համբուրում էին ու չէին հագենում:

Թագավորի մարդիկ հիանում էին այգեպանի կախարդական զորությամբ, բայց թագավորի ահից սիրտ չէին անում գովելու նրան:

Ժողովուրդը համոզված էր, որ թագավորը կկանչի այգեպանին, նրա անունով կկոչի ու նրան կնվիրի այդ ծաղկած անապատը, նրան կընտրի որպես գլխավոր այգեպան, ինչպես խոստացել էր:

Սակայն թագավորն ասում է այգեպանին․

– Դու աններելի հանցանք ես գործել, այգեպա ՛ն Մոսի:

– Ո՞րն է իմ հանցանքը, թագավորն ապրած կենա,- ճակատի ոսկեհատիկ քրտինքը սրբելով ու զարմացած ժողովրդին նայելով՝ հարցնում է այգեպան Մոսին:

– Քո անապատի համբավը աշխարհից աշխարհ է անցել ու նսեմացրել իմ փառքը: Այդ արարքիդ համար քեզ ընդմիշտ վտարում եմ իմ երկրից: Միայն իրավունք եմ տալիս վերցնելու այն, ինչ որ ամենաթանկն է քեզ համար…

– Թագավորն ապրած կենա, ահա ինձ համար ամենաթանկ բանն աշխարհում, սրա մեջ է իմ հաղթանակի գաղտնիքը, իմ կախարդական ուժը…

Ժողովրդին թվում է, թե այգեպանն ուզում է հեռանալ այգուց, ու գոչում է.

– Կա՛ց, այգեպա՛ն Մոսի, դու մեզ հետ մշակել ես այս անապատը, ամեն մի թիզ հողը ոռոգել ես քո արյունով ու քրտինքով: Մենք ազնիվ աշխատանքով անապատը այգի ենք դարձրել, ուստի հողը մեզ պիտի պատկանի…

Թագավորը, ժողովրդի ահեղ ձայնից սթափված, նայում է այգեպանին, բայց նրա փոխարեն աչքի առաջ ծառանում է մի դարավոր կաղնի՝ արմատներն ամուր թաղած մայր հողի սրտում, ընձյուղները մխրճած երկնքի կապույտի մեջ:

Թագավորը փակում է աչքերը՝ տեսիլքը հեռացնելու համար, սակայն․․․ Այս անգամ նրա աչքին մի ուրիշ պատկեր է երևում. նա տեսնում է իր դեմ ուղղված բահերի մի ամբողջ անտառ, որ արևի տակ փայլատակում է, ինչպես կայծակների մահաբեր խուրձ…

– Հեռացի՛ր, թագավո՛ր, եթե չես ուզում կյանքից ու կայքից զրկվել,- նորից հնչում է ժողովրդի ահեղ ձայնը:

Տեսնելով այս՝ պալատականները թագավորին խորհուրդ են տալիս գլուխ չդնել զայրացած ժողովրդի հետ:

Թագավորը գլխիկոր հեռանում է:

Հավանեցի՞ր. տարածիր