Նախնադարից մինչև ուշ միջնադար զենքը Հայաստանում հանդիսացել է մինչև իսկ տղամարդու տարազի մշտական բաղկացուցիչներից:
Հայերի հիմնական զենքերն էին՝
- ԴԱՇՈՒՅՆԸ՝ անձնական գործածության մշտական զենք՝ երկսայր կամ միասայր․
- ԹՈՒՐԸ, որը կտրում էր միայն մի կողմից, իսկ մյուս կողմով կարող էր մուրճի պես հարածել․
- ՍՈՒՐԸ՝ երկսայր սրածայր զենք՝ հատող և խոցող, հեծելազորի հիմնական զենքը․
- ՄՈՒՐՃԸ, որով հարված էին հասցնում ախոյանի սաղավարտին․
- ՆԵՏ ՈՒ ԱՂԵՂԸ (աղեղը պատրաստում էր առանձին արհեստավոր, իսկ նետերը կռում էին մետաղագործ վարպետները)․
- ՆԻԶԱԿԸ՝ փայտե երկար կոթով խոցող զենք, հետևակի հիմնական զենքը․
- ՏԵԳԸ՝ ավելի կարճ նիզակ, որ ծառայում էր մոտ տարածության վրա ձեռքով նետելու համար․
- ՇԵՐՏԸ՝ հետևակի՝ երկար կոթով մանգաղաձև զենք․
- ՍԱԿՐԸ՝ թեթև լայնաբերան կացնի տեսքով․
- ՍՎԻՆԸ, որ լինում էր երկսայրի, բայց գործածվում էր առավելապես սուր ծայրով խոցելու համար՝ երբեմն մոտիկ տարածությունից նետելով․
- ՍՈՒՍԵՐԸ՝ նեղ ու երկար շեղբով սրածայր խոցող զենք․
- ՎԱՂՐԸ՝ սակրի նշանակության, բայց ավելի ծանրաքաշ զենք (վաղրավորներից կազմվում էին այն ծանրազեն ջոկատները, որոնք հարձակվում էին թշնամու զրահավորված զորքի վրա)․
- ՎԱՐՈՑԸ (ԳՈՒՐԶ)՝ մահակ, որի վրա ամրացված էին գամեր և կամ փայտե կոթով մետաղյա գունդ՝ սուր ցցվածքներով։
Թվարկված բոլոր զենքերն էլ պատրաստվում էին բարձրորակ պողպատից։ Թշնամուն ոչնչացնելու հատու զենքերի կողքին միջնադարյան Հայաստանում շատ տարածված էին նաև անձնական պաշտպանական միջոցները՝ վահանը, սաղավարտը և զրահը։
Վահանավոր հետևակ զորքերը, հարկ եղած դեպքում խիտ շարքերով կանգնելով, վահանափակ պարիսպ էին կազմում մնացած զորքերին պաշտպանելու համար։
Հայկական սաղավարտը ուներ սովորական սրածայր կոնի տեսք, ծածկում էր նաև մարտիկի քիթը, իսկ կողքերից և հետևից ունենում էր հարմարանք երկաթե հյուսածո ցանց ամրացնելու համար, որպեսզի ռազմիկի պարանոցը պաշտպանված լիներ սրի կամ թրի հարվածից։
Զրահները լինում էին մի քանի տեսակի: Մետաղե զրահը կարող էր պատրաստված լինել առանձին մասերից, որոնք իրենց անուններն ունեին՝ թիկնապանակ, լանջապանակ, բազպան (ձեռքերի համար), զանգապան (կոնքերի համար), սռնապան (ոտքերի սրունքների համար), անգամ օդ ոտիցն կամ մույկ (ոտքերին հագնելու համար)։ Կային և ամբողջական զրահներ, որ հագնելու համար մասերի չէին բաժանվում, օրինակ՝ ճօշը կամ ճօշանը (ջօշան), որ նաև շողարձակում էր լույսի ներքո։
Աղբյուրը՝ Բ․ Առաքելյան, «Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դդ․»