Ինձ չի գոհացնում «ագահություն» բառի հետևյալ բացատրությունը․ «Չափազանց անհագ մի ցանկության բավարարման ձգտում» (սահմանումը տրված է ռուսաց լեզվի լավագույն բառարաններից մեկում, որի առաջին հատորը լույս է տեսել 1957 թվականին)։
Ըստ էության՝ քառահատոր բառարանի այս բացատրությունը ճիշտ է, բայց չի փոխանցում նողկանքի այն զգացումը, որ տիրում է ինձ, երբ մարդու մեջ տեսնում եմ ագահության դրսևորում։
Ագահությունը արժանապատվության կորուստն է, նյութական ձգտումները սեփական անձից վեր դասելը, հոգևոր կաղություն, մտքի ուղղության սոսկալի շեղում, մտքի խամրումը, նրա ծայրահեղ սահմանափակումը, ողորմելիություն, հիվանդ հայացք աշխարհին, մաղձ ինքդ քո և մյուսների հանդեպ, ընկերության մոռացում։
Ագահությունն անգամ ծիծաղելի չէ․ այն նվաստացուցիչ է։ Այն թշնամի է մարդուն և նրա շրջապատին։ Այլ բան է ողջախոհ խնայողությունը։ Խնայողությունը ենթարկվում է մտքին, ագահությունը՝ տիրանում նրան։
Դ․ Լիխաչով, «Նամակներ բարու և գեղեցիկի մասին»