Կյանքը մեզ հաճախ է ստիպում բանավիճել, առարկել, ուրիշների կարծիքը հերքել, չհամաձայնել։
Մարդն իր կրթվածությունը լավագույնս ի ցույց է դնում բանավիճելիս, անհամաձայնություն արտահայտելիս, իր տեսակետն առաջ քաշելիս։ Բանավեճի ժամանակ միանգամից երևում է անհատի ինտելեկտը, տրամաբանությունը, հարգանքն ուրիշների և․․․ սեփական անձի հանդեպ։
Եթե բանավիճելիս մեկը մտահոգված է ոչ այնքան ճշմարտության բացահայտմամբ, որքան իր ընդդիմախոսին հաղթելով, եթե ընդունակ չէ վերջինիս լսելու և ձգտում է ավելի բարձր գոռալու, մեղադրանքներով կաշկանդելու, ապա նա դատարկ մարդ է, և նրա վեճն էլ դատարկ է։
Իսկ ինչպե՞ս է բանավիճում խոհեմ և նրբանկատ ընդդիմախոսը։ Նախևառաջ՝ ուշադիր լսում է դիմացինին՝ մարդուն, որը համակարծիք չէ իր հետ։ Ավելին՝ երբ նրան ինչ-որ բան հասկանալի չէ զրուցակցի դիրքորոշման մեջ, ապա լրացուցիչ հարցեր է ուղղում։ Եվ հետո՝ եթե անգամ առարկուի ամբողջ մոտեցումը պարզ է, նա առանձնացնում է այդ մոտեցման ամենաանորոշ կետերը և վերաձևապերպում է հնչած միտքը՝ արդյոք դա՞ էր ուզում ասել ընդդիմախոսը։
Ուշադիր լսելով ընդդիմախոսիդ ու նրան լրացուցիչ հարցեր ուղղելով՝ իրագործում ես երեք նպատակ՝
ա) «հակառակորդը» չի կարող պնդել, թե իրեն ճիշտ չհասկացար, թե ինքը «նման բան չի ասել»․
բ) ընդդիմախոսի կարծիքի հանդեպ ցուցաբերած քո ուշադրությամբ միանգամից արժանանում ես բանավեճին հետևողների համակրանքին․
գ) լսելով և հարցեր ուղղելով՝ ժամանակ ես շահում, որպեսզի մտքում ձևակերպես քո հակափաստարկները, հստակեցնես դիրքորոշումդ (իսկ դա պակաս կարևոր չէ)։
Իսկ հետո հակափաստարկներ ներկայացնելիս երբեք չի կարելի դիմել անթույլատրելի հնարքների, այլ անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները․
ա) առարկել, բայց ոչ մեղադրել․
բ) չասել․ «Ես դա կարդում եմ Ձեր հոգում», չփորձել «բացահայտել» ընդդիմախոսի համոզմունքերի ներքին դրդապատճառները («Դուք դա պնդում եք, որովհետև այդպես Ձեզ հարմար է», «Դուք այդպես եք ասում, որովհետև ինքներդ եք այդպիսին» և այլն)․
գ) չշեղվել բանավեճի թեմայից․ պետք է կարողանալ քննարկումն ավարտին հասցնել, այսինքն՝ կա՛մ հերքել ընդդիմախոսի թեզերը, կա՛մ ընդունել նրա իրավացիությունը։
Իմ այս վերջին պնդմանն ուզում եմ ավելի հանգամանալից անդրադառնալ։ Եթե դուք հենց սկզբից բանավիճում եք հանդարտ, նրբանկատորեն և առանց մեծամտության, դրանով իսկ ապահովում եք արժանապատվորեն հետքայլ անելու Ձեր հնարավորությունը։ Հիշե՛ք․ բանավեճում չկա ավելի գեղեցիկ բան, քան հանգիստ ընդունելը ընդդիմախոսի ամբողջական կամ մասնակի իրավացիությունը, երբ այդպես է անհրաժեշտ։ Այդպերպ դուք արժանանում եք ներկաների հարգանքին։ Այդկերպ ասես հորդորում եք ձեր ընդդիմախոսին զիջողամիտ լինել, նրան դրդում եք մեղմելու իր մոտեցման ծայրահեղությունները։
Իհարկե, առարկուի մոտեցումը պետք է ընդունել միայն այն դեպքում, երբ դա չի ազդում ձեր աշխարհայացքային ընկալումների, ձեր բարոյական սկզբունքների վրա (դրանք միշտ պետք է ամենաբարձրը լինեն)։ Մարդը չպետք է փոփոխամիտ լինի, չպիտի զիջի իր ընդդիմախոսին, միայն որպեսզի դուր գա վերջինիս կամ, Աստված հեռու պահի, վախկոտության պատճառով, կարիերայի շարժառիթով և այլն։ Սակայն որքա՜ն գեղեցիկ է արժանապատվորեն զիջել այն հարցում, որը ձեզ չի ստիպում հրաժարվել աշխարհայացքային ընկալումներից (հուսով եմ՝ բարձր), կամ էլ արժանապատվորեն ընդունել սեփական հաղթանակը՝ առանց չարախնդության, առանց թմբկահարման, առանց ընդդիմախոսի ինքնասիրությունը վիրավորելու։
Բարձրագույն ինտելեկտուալ հաճույքներից է հետևել երկու կարող և խոհեմ մարդկանց բանավեճին։
Բանավեճում չկա ավելի հիմար բան, քան փաստարկներից զուրկ հակաճառումը։ Հիշեք երկու տիկնանց զրույցը Գոգոլի «Մեռած հոգիներ» ստեղծագործության մեջ․
– Սիրելի՛ս, սա երփներանգ է։
– Օ՜, ո՛չ, երփներանգ չէ։
– Օ՜, երփներա՛նգ է։
Երբ բանավիճողը հիմնավորումներ չունի, մնում է ընդամենը «կարծիքը»։
Դ․ Լիխաչով, «Նամակներ բարու և գեղեցիկի մասին»
Թարգմանությունը ռուսերենից՝ Ն․ Աբասյանի