ԲԱՐԻ ԳՈՐԾԸ
Գայլը մոտեցավ դրախտի դռանը, թե`
– Ներս գամ։ Գիտեմ, որ Աստված արդար դատաստան կանի, եթե մեղք գործել եմ, բարություն էլ եմ արել։
Հարցնում են.
– Ի՞նչ բարի գործ ես արել:
– Մի զառամյալ գուսան եմ կերել և մի գզիր:
ԷՇԸ ԵՎ ԱՐՈՐ ԹՌՉՈԻՆԸ
Թագավորը հարցնում է իմաստասերին.
– Եթե մեկին վերուստ մի բան տրված չէ, և նա ձգտում է հասնել, կկարողանա՞, թե՞ ոչ:
– Կկորչի՛, ինչպես էշն արորից,- պատասխանում է իմաստասերը։
– Ինչպե՞ս կորավ էշը։
– Լինում է մի սուտասան և քաղցրախոս արոր։ Էշը, լսելով նրա ձայնը, մոտենում է ու հարցնում.
– Ինչի՞ց է քո ձայնը այդքան քաղցրալուր, ասա ինձ գաղտնիքը, որպեսզի ես ևս լավ ձայն ունենամ։ Չափազանց տհաճ և դժվարալուր է բոլորի ականջների համար իմ ձայնը։
– Ես երկնքի ցողն եմ ըմպում,- պատասխանում է արորը,- եթե անձրև չի գալիս, ջուր չեմ խմում։
Գնում, է էշը մի անջրդի տեղ և մի քանի օր աչքերը չռած երկնքին, բերանը բաց արած՝ սպասում է ու սատկում ծարավից։
Այսպես, ուրեմն, ով ձգտում է ստանալ այն, ինչ չի տրված իրեն, չարաչար կերպով կկորչի ինչպես ավանակը։
ՀՈՂԱԳՈՐԾՆ ՈԻ ԱՐԱԳԻԼԸ
Հողագործը բակլա ու սիսեռ ցանեց գետի եզերքին։ Մոտիկ եղեգնուտից դուրս էին գալիս սագեր ու կռունկներ, հավաքում սերմերը։ Հողագործն ակնատներ պատրաստեց ու դրեց ցանքի եզրին։ Առավոտյան դեմ վերցրեց կաղնե մահակը ու գնաց նայելու ակնատները։ Սագերն ու կռունկները եկել էին, ընկել թակարդների մեջ, նրանց հետ էր մի արագիլ։ Հողագործն իր մահակով սկսեց ջարդել սագերի ու կռունկների պարանոցները։
– Ո՛վ բարեսեր հողագռրձ,- դիմում է նրան արագիլը պաղատագին ձայնով,- դու լավ գիտես, որ ես ոչ բակլա եմ ուտում և ոչ սիսեռ, քո էլ լավ բարեկամն եմ, վերացնում եմ քո հանդերից օձերին, մկներին ու ճիճուներին, թեթևացնում քո հոգսը։ Եվ արդ, խնայիր ինձ ու մի պատժիր։
– Այդ ճիշտ է,- ասում է; հողագործը,- բայց քանի որ միաբանել ես իմ թշնամիների հետ, նրանց հետ դու էլ կսատկես։