Սխալվելու արվեստը

Ես չեմ սիրում հեռուստացույց դիտել։ Բայց եղել են հաղորդումներ, որոնց միշտ հետևել եմ՝ գեղասահքի հեռարձակումները։ Հետո ես ձանձրացա դրանցից և դադարեցի դիտելուց, ավելի ճիշտ՝ ամբողջական հեռարձկմանը հետևելը դադարեցրի և հաղորդումը դիտում եմ միայն դրվագաբար։ Ամենաշատը սիրում եմ, երբ նրանք, ում թույլ մարզիկ են համարում, ովքեր դեռ չեն դասվել «մեծարելիների» շարքին, հաջող ելույթ են ունենում։ Սկսնակների կամ անհաջողակների նվաճումը շատ ավելի մեծ բավականություն է պարգևում, քան ուժեղներինը։

Բայց հարցը դա չէ։ Ամենաշատը ինձ հիացնում է, թե ինչպես է գեղասահորդն ուղղում իր սխալը ելույթի պահին։ Ընկա՞վ․ վեր է կենում՝ արագ շարունակելով պարը և շարունակելով այնպես, ասես անկում չէր էլ եղել։ Դա կարողանալն արվեստ է, մեծ արվեստ։

Սակայն չէ՞ որ կյանքում սխալներ շատ ավելի հաճախ են պատահում, քան սահադաշտի վրա։ Եվ պետք է կարողանալ հաղթահարել սխալը՝ ուղղել այն անհապաղ ու գեղեցիկ։ Այո՛, հենց գեղեցիկ։ Երբ մարդը համառում է իր սխալի մեջ կամ էլ շփոթված իրար անցնում՝ մտածելով, թե կյանքը դրանով ավարտվեց, թե «ամեն ինչ վերջացած է», դա տհաճ է և՛ իր, և՛ շրջապատի համար։ Շրջապատում անհարմար են զգում ոչ թե բուն սխալից, այլ նրանից, թե ինչպիսի խուճապի է մատնվում սխալվածը այն ուղղելու համար։

Միշտ չէ, որ հեշտ է ինքդ քո առջև սեփական սխալդ խոստովանելը (պարտադիր չէ դա հրապարակային անել․ այդպես կարող է կա՛մ ամոթալի լինել, կա՛մ արհեստական)։ Փորձ է անհրաժեշտ, որպեսզի թույլ տրված սխալից հետո հնարավորինս արագ և հնարավորինս հեշտ վերադառնաս աշխատանքին, շարունակես այն։

Իսկ շրջապատը չպետք է հարկադրի մարդուն խոստովանելու սխալը, այլ պետք է «հարկադրի» այն ուղղելու՝ արձագանքելով այնպես, ինչպես արձագանքում է հանդիսատեսը մրցապայքարների ժամանակ՝ երբեմն անգամ ուրախ ծափահարություններով գոտեպնդելով ընկնելուց անմիջապես հետո իր սխալն ուղղած մարզիկին։

Դ․ Լիխաչով, «Նամակներ բարու և գեղեցիկի մասին»
Թարգմանությունը ռուսերենից՝ Ն․ Աբասյանի

Հավանեցի՞ր. տարածիր