Ծավի սոսիների պուրակը

Հայաստանում սոսիների ամենագեղեցիկ պուրակը Ծավ գյուղի մոտ է։ Այն Սյունաց աշխարհի սքանչելիքն է։

Մի անգամ այստեղով անցնելիս պարսից Դարեհ արքան զմայլվում է պուրակով։ Նա հրամայում է, որ անտառից ոստեր հանեն, տանեն Պարսկաստան և իր պալատի մոտ սրա նման չքնաղ մի պուրակ տնկեն։

Ինչ ջանք էլ որ թափում են պարսիկ անտառագետները, միևնույն է, գործը գլուխ չի գալիս․ հայկական սոսին պարսկական հողի վրա չի արմատակալում։

– Այն, ինչ պարսից երկրում չի աճում, աշխարհի ոչ մի անկյունում էլ չպետք է աճի,- ասում է զայրացած Դարեհը և մարդկանց ուղարկում, որպեսզի հատեն Ծավի պուրակը։

Հրամանը կատարվում է։ Սակայն մի քանի տարի անց պուրակը կրկին դալարում է։ Պարսիկները դարձյալ կտրում սոսիների շիվերը, բայց շատ չանցած՝ պուրակը նորից ծլարձակում։

Դարեհը կանչում մի գիտունի ու հարցնում.

– Սա ի՞նչ բան է, ի՞նչ ուժ կա այդ սոսիների մեջ, որ իմ մարդիկ չեն կարողանում արմատահան անել դրանք։

Իմաստունը պատասխանում է.

– Այդ սոսիների տակ հայերը ցորեն են ցանել։ Իսկ ցորենի ուժով հողին կպած ծառը մահ չունի․ ինչ էլ անես, մի տեղից կդալարի։

Ցորենացանը տքնաջան աշխատանքի խորհրդանիշն է, իսկ ցորենի հասկը՝ նոր կյանքի․ սերմնահատիկն ինքը մեռնում է, սակայն փոխարենը բազում արդյունք է տալիս։

Ծավի Սոսու պուրակը 1958 թվականից արգելավայր է՝ բնության հատուկ պահպանվող տարածք Ծավ և Շիկահող գետերի ափին։ Այն արևելյան սոսու միակ բնական պուրակն է ողջ Կովկասում։

Հավանեցի՞ր. տարածիր