Փնթի հագուստը անհարգալից վերաբերմունք է արտահայտում նախևառաջ ձեզ շրջապատող մարդկանց հանդեպ։ Դա չի նշանակում, թե պետք է պճնազգեստ լինել։ Պճնվելը գուցե ի ցույց դնի այն, որ չափազանցված պատկերացում ունեք ձեր նրբաճաշակության մասին․ պճնանքը հաճախ մոտ է ծիծաղելիին։ Հագուստը պետք է լինի մաքուր ու խնամված և այն ոճով, որն ամենաշատն է ձեզ սազում՝ տարիքին համապատասխան։ Սպորտային հագուստը տարեցին սպորտային կազմվածք չի հաղորդի, եթե նա մարմնամարզությամբ չի զբաղվում։ «Պրոֆեսորական» շլյապան և սև, խիստ պաշտոնական կոտսյումը անհամատեղելի են լողափնյա հանգստի կամ անտառում սունկ հավաքելու հետ։
Իսկ ինչպե՞ս գնահատել վերաբերմունքն այն լեզվի նկատմամբ, որով խոսում ենք։ Լեզուն շատ ավելին է ասում մարդու ճաշակի մասին, քան հագուստը։ Շատ ավելին է վկայում մարդու՝ շրջապատի և իր իսկ անձի հանդեպ հարգանքի մասին։
Ոչ գրական լեզվի տարբեր տեսակներ կան։ Եթե մարդը ծնվել և մեծացել է քաղաքից հեռու և խոսում է իր հարազատ բարբառով, դրանում ոչ մի «փնթիություն» չկա։ Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես բարբառային խոսքը շատ եմ սիրում, երբ այն զուսպ է արտահայտված։ Սիրում եմ բարբառների մեղեդայնությունը, ժողովրդական բառուբանը։ Բարբառները հաճախ անսպառ աղբյուր են գրական լեզվի հարստացման համար։
Մի անգամ ինձ հետ զրուցելիս գրող Ֆյոդոր Աբրամովն ասաց․ «Ռուսաստանի հյուսիսից գրանիտ են բերել Պետերբուրգը կառուցելու համար և ամեն քարի հետ մի բառ են բերել, մի ասք, քնարական մի երգ։ Ասք-երգերի լեզուն «ուղղելը», այն գրական դարձնելը նույն է թե ոչնչացնես այդ բանահյուսական ստեղծագործությունները։
Մեկ այլ դեպք է, երբ մարդը երկար ժամանակ ապրում է քաղաքում, գիտի գրական լեզվի պահանջները, բաց խոսում է գեղջկական լեզվով։ Պատճառը կարող է լինել այն, որ նա այդ արտահայտչաձևերը գեղեցիկ է համարում և հպարտանում է իր ծագմամբ։ Դա ինձ չի տխրեցնում։ Թող որ նա պահպանի հարազատ բարբառի ելևէջները։ Դրա մեջ ես տեսնում է սեր հայրենի ծննդավայրի նկատմամբ, ինչը վատ չէ, և մարդուն չի նվաստացնում։ Դա նույնքան գեղեցիկ է, որքան այսօր արդեն մոռացված շեղօձիք վերնաշապիկը, միայն թե՝ մեկի հագին, ում այն մանկուց է հարազատ եղել։ Իսկ եթե այդ զգեստը հագել է, որպեսզի «թիթիզանա», թե «իսկական շինական» է, ապա դա և՛ ծիծաղելի է, և՛ անհարգալից․ «Հապա տեսեք, թե ինչպիսինն եմ ես, պետքս էլ չէ, որ քաղաքում եմ ապրում։ Ուզում եմ բոլորիցդ տարբերվել»։
Հոխորտալից, կոպիտ լեզուն, ինչպես և կոպտությունը վարքում կամ հագուկապի փնթիությունը շատ տարածված երևություներ են, որոնք հիմնականում վկայում են մարդու հոգեբանական անպաշտպանության մասին, վեր հանում նրա թուլությունը և բնավ ոչ՝ ուժը։
Այդպիսի մարդը ձգտում է կոպիտ ծաղրով, կտրուկ արտահայտություններով, հեգնանքով և լկտիությամբ խեղդել իր մեջ երկյուղի զգացումը, վախկոտությունը, երբեմն անգամ սարսափը։
Ուսուցիչներին կոպիտ մականուններով կնքելով՝ թուլամորթ աշակերտներն ուզում են ցույց տալ, թե իբր չեն վախենում նրանցից։ Այդ ամենը կատարվում է ենթագիտակցաբար։ Էլ չեմ ասում, որ դա անդաստիարակության վկայություն է, անզգամության, իսկ երբեմն էլ՝ դաժանության արտահայտություն։ Բայց նույն ընտանեկան հիմքից է բխում ամեն տեսակ կոպիտ, լկտի, հեգնական վերաբերմունք առօրյա կյանքի բոլոր այն երևույթների հանդեպ, որոցից խոսողը փրփրոտում է։ Կոպիտ վարքով այդ մարդիկ կարծես ուզում են ասել, թե իրենք վեր են կանգնած այդ երևույթներից, որոնք, սակայն, իրականում վախեցնում են նրանց։
Բոլոր ժարգոնային, անպատկառ արտահայտությունների հիմքում հոգու թուլությունն է։ Անամոթ խոսքով մարդիկ ցուցադրում են իրենց ատելությունը կյանքի այն իրողությունների նկատմամբ, որոնցից տագնապում են, որոնք տանջում են նրանց, անհանգստացնում, դարձնում անզոր, անպաշտպան։
Իսկապես ուժեղ, առողջ, հավասարակշիռ մարդը տեղի-անտեղի բարձր չի խոսի, ամեն առիթով չի վիճի և չի գործածի ժարգոնային բառեր։ Չէ՞ որ նա գիտի, որ իր խոսքը կշիռ ունի։
Մեր լեզուն կարևորագույն բաղկացուցիչն է մեր ընդհանուր վարքագծի։ Եվ հետևելով՝ ինչպես է մարդը խոսում, մենք արագ ու հեշտ կարող են կարծիք կազմել, թե ում հետ գործ ունենք, կարող ենք հասկանալ նրա կրթվածության աստիճանը, հոգեկան հավասարակշռության մակարդակը, գլխի ընկնել նրա հնարավոր բարդութավորության մասին։
Սովորեք խոսել գեղեցիկ, հանդարտ, ինտելեկտուալ՝ լսելով, մտապահելով, կարդալով և ուսումնասիրելով։ Որքան էլ դա բարդ է, բայց անհրաժեշտ է, անհրաժեշտ։ Մեր խոսքը ոչ միայն մեր վարքի կարևորագույն բաղադրիչն է, ինչպես արդեն ասացի, այլև մեր անհատականության բաղադրիչը, մեր հոգու և մտքի, շրջապատի բացասական ազդեցությանը չտրվելու մեր ունակության ցուցիչը։
Դ․ Լիխաչով, «Նամակներ բարու և գեղեցիկի մասին»