Մարդիկ նավեր և նավակներ կառուցել են շատ վաղուց: Դեռ 6 հազար տարի առաջ հին եգիպտացիները կարողանում էին հնդկեղեգից նավակներ պատրաստել: Հին հույներն ու հռոմեացիները նավարկում էին թիանավերով: Մոտավորապես 3 հազար տարի առաջ Միջերկրական ծովում երևան եկան նաև առագաստանավերը, որոնք ծովով բեռներ էին փոխադրում, ինչպես նաև դուրս գալիս ռազմերթի: Փյունիկեցիները և հույները պատրաստում էին առագաստաթիավոր փայտե ռազմանավեր՝ գալերներ:
700-1000 թթ․ վիկինգներն իրենց ռազմական երկարաքիթ առագաստանավերով՝ դրակարներով, նվաճեցին գրեթե ողջ Հյուսիսային Եվրոպան:
Չինացիները ծովերով երթևեկում էին ջոնկաներով, որոնք քառանկյուն առագաստներ ունեցող խոշոր հարթահատակ նավեր էին:
Ամենաարագընթացները եռակայմ կամ քառակայմ առագաստանավերն էին՝ քլիպերները (անգլերեն «քլիպ»՝ կտրել, այսինքն՝ փոքրացնել երթևեկության ժամանակը): Անգլիական «Քեթի Սարկ» քլիպերը համընթաց քամու ժամանակ մեկ օրում անցնում էր ավելի քան 700 կմ: Նույնիսկ այսօր ամեն շոգենավ չէ, որ կարող է մեկ օրում այդքան ճանապարհ անցնել: Սակայն քլիպերները մեծ արագություն էին զարգացնում միայն համընթաց քամու ժամանակ, իսկ հանդարտ եղանակին նույնիսկ լավագույն առագաստանավն ամիսներով ճոճվում էր տեղում:
1807 թ-ին ամերիկացի Ռ. Ֆուլտոնը նավի վրա շոգեմեքենա հարմարեցրեց, և նավերն ազատվեցինք քամու «քմահաճույքից»: Առաջին շոգենավերը թիանվավոր էին, որոնցով և նավն առաջ էր շարժվում: Միաժամանակ շոգենավերում պահպանվում էին նաև առագաստները, որոնք օգտագործում էին թիանիվների կոտրման կամ շոգեմեքենայի խափանման դեպքերում: 19-րդ դարից թիանիվների փոխարեն շոգենավերում սկսեցին տեղադրել թիապտուտակներ:
20-րդ դարի սկզբին երևան եկան ներքին այրման շարժիչներով նավեր՝ ջերմանավեր, որոնք օգտագործվում էին բազմապիսի աշխատանքների համար: Ջերմանավերը (նաև սուզանավերը) համալրում էին ռազմածովային նավատորմի կազմը:
Ձկնորսանավերով օվկիանոսներում ձուկ են որսում, հենց տեղում վերամշակում ու սառեցնում են այն և պահածոյացնում։
Ժամանակակից բեռնանավերն արագորեն բեռնելու կամ բեռնաթափելու համար բեռները նախապես տեղավորում են խոշոր՝ բեռնարկղերի մեջ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մինչև 5 տոննա:
Իսկ մարդատար նավերն այսօր լողացող «քաղաքներ» են, որոնք ունեն հանգստասրահներ, մարզահրապարակներ, լողավազաններ, գրադարան, կինո- և համերգասրահներ, ռեստորաններ:
Մի նավահանգստից մյուսն ավելի արագ կարելի է հասնել ստորջրյա թևեր ունեցող նավերով, որոնք արագ ընթացքի ժամանակ նավը բարձրացնում պահում են ջրի մակերևույթին, և այն սլանում է ժամում ավելի քան 100 կմ արագությամբ:
Օրըստօրե նավերը դառնում են ավելի բեռնատարողունակ ու արագընթաց, ավելի հեշտությամբ են հաղթահարում ճանապարհին հանդիպող արգելքները: Հզոր ատոմագնացները սառույցների միջով ճանապարհ են բացում առևտրական, ձկնորսական ու մարդատար նավերի համար: Ջրի, ծանծաղուտների, ճահիճների և հարկ եղած պահին՝ նույնիսկ գետնի վրայով ժամում մինչև 150 կմ արագությամբ սլանում է օդաբարձիկով նավը, որին ջրից կամ գետնից վեր է պահում սեղմած օդի «բարձիկը»: Ժամանակակից նավերի շարքում կան նաև գիտական հետազոտությունների համար նախատեսված նավեր:
Ավբյուրը՝ Հայկական հանրագիտարան