Գինին

Թագավորն ուներ մի մինուճար տղա։ Հրամայեց իր նախարարներին.

– Ամեն օր ձեզնից յուրաքանչյուրն իմ որդուն թող տանի պատվելու։

Մի օր նախարարներից մեկը թագավորի որդուն տարավ պատիվ տվեց և երեկոյան առաջնորդեց մինչև պալատի դուռը, ու ինքը գնաց։

Իսկ թագավորի որդին խիստ հարբած էր։ Նա բարձրացավ կտուրն ու վայր ընկավ:

Հաջորդ օրը նրան գտան աղբանոցամ մեռած: Եվ թագավորը հրաման արձակեց.

– Քանդեցե՛ք բոլոր այգիները, կոտրեցե՛ք գինու կարասները, որովհետև գինին դարձավ իմ որդու կորստյան պատճառը։

Եվ հրամանը կատարվեց։

Մի այրի կին, որ մեկ որդի ուներ, իր հնձանը քանդեց կարասների վրա և գինին պահեց։ Ամեն օր առավոտյան և երեկոյան հացից հետո նա մի բաժակ գինի էր տալիս որդուն խմելու։

Եվ մի գիշեր նրա որդին դուրս եկավ տնից և սպանեց թագավորի առյուծին։ Հաջորդ առավոտ թագավորը հայտարարեց.

– Ով առյուծին սպանել է, թող ներկայանա՛, որպեսզի պարգևատրեմ։

Եկան մայր ու որդի.

– Ինչպե՞ս կարողացար հաղթել առյուծին,- հարցրեց թագավորը։

– Գինով եմ սնել իմ որդուն, թագավո՛ր,- ասաց մայրն ու պատմեց ամեն բան։

Եվ թագավորը նոր հրաման արձակեց.

– Այգի տնկեցե՛ք, բայց գինին այնպես խմեցեք, որ առյուծ սպանեք և ոչ թե մեռնեք աղբանոցում, ինչպես իմ որդին։

Ժողովրդական առակ

Հավանեցի՞ր. տարածիր