Նապոելոն Բոնապարտ
Նապոլեոնն ունեցել է բավականին դաժան մանկություն: Նրա հայրը, ով անժամանակ մահացել է ստամոքսի քաղցկեղից, իր խաղամոլության պատճառով ընտանիքին մատնել էր աղքատության: Նապոլեոնին հաճախ ծաղրում էին դպրոցում իր ջանասիրության և կորսիկացու առոգանության համար, բայց ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ով էր դառնալու այդ կարճահասակ տղան ապագայում։
Քչերին է հայտնի, որ Նապոլեոնը տառապում էր թութքից: Ասում են, որ հենց թութքի ցավերի պատճառով էլ նրան չհաջողվեց հաղթել Վատերլոոյի ճակատամարտը:
Թեոդոր Ռուզվելտ
Թեոդոր Ռուզվելտը ծնվել է Նյու Յորքում, հարուստ ընտանիքում: Մանուկ հասակում հիվանդոտ երեխա էր. տառապել է ասթմայից: Նա վաղ հասակում զբաղվել է բռնցքամարտով, որպեսզի կոփի իր թույլ մարմինը, սակայն պարապմունքներից մեկի ժամանակ Ռուզվելտի ձախ աչքը վնասվում է:
Նա բազմիցս ճանապարհորդել է Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում, որտեղ զբաղվել է որսորդությամբ և ուսումնասիրել մի շարք տարաշխարհիկ կենդանատեսակներ և բույսեր: Նրա կյանքի հետ կապված ամենահետաքրքիր դեպքերից մեկը նրա վրա կատարված մահափորձն էր:
1912թ., երբ Ռուզվելտը ելույթ էր ունենում, մի մարդասպան կրակում է նրա վրա, սակայն գնդակը դիպչելով նրա ակնոցի տուփին, խորը չի մտնում մարմնի մեջ: Նա ելույթի ընթացքում հայտարարում է, որ հենց նոր իր վրա մահափորձ կատարվեց և շարունակում է ելույթը: Միայն ելույթն ավարտելուց հետո նա համաձայնվում գնալ հիվանդանոց, որպեսզի բժիշկները հեռացնեն փամփուշտը:
Պետրոս Մեծ
Պետրոս Մեծը 18-րդ դարում Ռուսաստանի թագավորն էր: Տեսնելով, որ Ռուսաստանը զարգացում չի ապրում, նա որոշում է Արևմտյան Եվրոպա ուղևորվել` Ռուսաստանը զարգացնելու ծրագրեր գտնելու նպատակով: Եվրոպական կրթօջախներում ուսումնառությունից հետո նա վերադառնում է Ռուսաստան մի շարք նորարարական գաղափարներով: Հիմնում է նոր դպրոցներ, կառուցում է Սանկտ Պետերբուրգի հզոր նավահանգիստը: Նա կարգադրում է, որպեսզի բոլոր ռուս տղամարդիկ կա՛մ սափրեն իրենց մորուքը, կա՛մ հարկ վճարեն: Պետրոս Մեծը նաև տարօրինակ իրերի հավաքածու ուներ:
Չարլի Չապլին
Չարլի Չապլինը հայտնի է իր կատակերգություններով: Նա ծանր մանկություն է ունեցել: Նրա հայրը լքել էր ընտանիքը, երբ նա դեռ երեխա էր: Որոշ ժամանակ անց Չարլիի մայրը հոգեկան խանգարում է ստանում, իսկ ավելի ուշ մահանում է թերսնուցումից:
Հասուն տարիքում Չապլինի կյանքը նույնպես հագեցած է անցել: Չապլինին ստիպել են վճարել ապրուստադրամ իր նախկին սիրուհու երեխայի համար, թեև ԴՆԹ հետազոտությունը ապացուցել էր, որ Չապլինը երեխայի հայրը չէր:
Չապլինին նույնիսկ մահից հետո դժգույն ճակատագիր վիճակվեց: 1977 թ. Չապլինի դին հափշտակում են և դրա դիմաց պահանջում խոշոր գումար: Այն հայտնաբերվում է միայն երկու ամիս անց:
Մեծանուն դերասանը մի անգամ տուն վերադառնալիս գրպանում հայտնաբերում է մի ոսկյա ժամացույց: Անհանգստացած Չապլինը չի կարողանում մտաբերել կամ հասկանալ, թե ինչ հանգամանքներում է հայտնվել այդ չափազանց թանկարժեք ժամացույցն իր գրպանում: Պատասխան չգտնելով, նա առավոտյան թանկարժեք գտածոն տանում է ոստիկանություն: Հաջորդ օրը փոստատարը մի անանուն նամակ է հանձնում նրան, որն էլ բացատրում է այդ առեղծվածը:
Նամակում գրված էր. « Միստեր Չապլին, գրում է ձեզ մի արհեստավարժ գրպանահատ…Երեկ մետրոյում ես մի սքանչելի ոսկյա ժամացույց գողացա մեկի բաճկոնի գրպանից, սակայն տեսնելով Ձեզ ու լինելով Ձեր տաղանդի մեծ երկրպագուն որոշեցի այն նվիրել Ձեզ»:
Նյու Յորքի ոստիկանության որոնման բոլոր ջանքերը զուր են անցնում. նրանք չեն արողանում գտնել գրպանահատ Ռոբին Հուդին…
Անհաջող էին նաև ոսկյա ժամացույցի իրական տիրոջ որոնումները, և ոստիկանությունը որոշում է այդ չարաբաստիկ ժամացույցը վերադարձնել Չարլի Չապլինին:
Այս ոչ սովորական պատմությունը լայնորեն հրապարակվում է: Լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի արդյունքում Չապլինն ստանում է ևս մեկ անհասցե, անանուն նամակ. «Հարգելի միստր Չապլին, ինչպես այն Ռոբին Հուդը, ես էլ մոտ մեկ տարի առաջ գտնվում էի նյույորքյան մետրոյում, որտեղ ինձանից գողացան իմ ոսկյա ժամացույցը: Ես շատ էի վրդովված, երբ իմացա, որ գրպանահատը այն նվիրել է ձեզ, ցանկացա, որ այն մնա Ձեզ մոտ:
Միստր Չապլին , քանի որ ես նույնպես Ձեր մեծ տաղանդի երկրպագուն եմ, ապա ուղարկում եմ Ձեզ նաև այդ ժամացույցի ոսկե շղթան»:
Չարլի Չապլինը վարպետորեն կարողանում էր ընդօրինակել մարդկանց ձայնը: Մի անգամ, երբ նա հրավիրված էր ծննդյան երեկույթի, ընդօրինակում է հայտնի մարդկանց և կանանց: Վերջում նա երգում է մի մեներգ իտալական օպերայից:
– Դուք հրաշալի եք երգում, միստր Չապլին, – ասում է հյուրերից մեկը, – ես չէի պատկերացնում, որ դուք կարող եք երգել այդքան լավ:
– Օ՜, դուք սխալվում եք, – ասում է Չապլինը, – ես չեմ կարողանում երգել, ես միայն ընդօրինակում եմ Կարուզոյին:
Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնից
Գերմանացի գիտնական Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցը 1673 թ.-ին ստեղծեց իր մեխանիկական հաշվիչ մեքենան: Մեքենայի ստեղծման գաղափարը Լեյբնիցի մոտ ի հայտ է գալիս այն բանից հետո, երբ նա ծանոթանում է հոլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Գյույհենսի հետ: Հաշվարկների մեծ ծավալը, որը ստիպված էր լինում կատարել աստղագետը, Լեյբնիցի մոտ միտք է ծնում մեխանիկական մի այնպիսի սարք ստեղծելու, որը դյուրին դարձնի աստղագիտական հաշվարկներ կատարելը. «Քանի որ վայել չէ նշանավոր մարդկանց, որ ստրուկների պես ժամանակ ծախսեն հաշվողական աշխատանքների վրա, ինչը կարելի է վստահել ցանկացած մարդու` սարքավորման առկայության դեպքում»:
Լեյբնիցի հաշվիչով թվերի գումարումը կատարվում էր միմյանց փոխկապակցված անիվների օգնությամբ: Այդպես էր աշխատում նաև ֆրանսիացի գյուտարար Բլեզ Պասկալի սարքը` «պասկալինան»: Մեքենայի շարժվող մասը, ինչպես նաև հատուկ բռնակը, որը թույլ էր տալիս պտտել ատամնանիվը (հետագայում` մեքենայի գլանները), արագացնում էր գումարման կրկնվող գործողությունները, որոնց օգնությամբ իրականացվում էր թվերի բաժանումն ու բազմապատկումը: Կրկնակի գումարումների անհրաժեշտ քանակն իրականացվում էր մեքենայաբար:
Մեքենան ցուցադրել է Լեյբնիցը` Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայում և Լոնդոնի թագավորական միությունում: Հաշվիչի մեկ օրինակ Պետրոս Առաջինի մոտ էր հայտնվել, ով նվիրել է այն Չինաստանի կայսրին` ցանկանալով զարմացնել վերջինիս տեխնիկայի նոր նվաճումներով:
Արմսթրոնգի խիզախության վարձը
Խոշոր արդյունաբերողի այրի, Ժյուլ Վեռնի վեպերի սիրահար Աննա-Էմիլյա Գյուդմանն իր ամբողջ հարստությունը՝ 100 հազար ֆրանկ, կտակել էր Ֆրանսիայի գիտությունների ակադեմիային: Կտակի համաձայն, ակադեմիան այդ գումարը պետք է հանձներ այն մարդուն, ով առաջինը ոտք կդնի որևէ մոլորակի վրա, բացառությամբ Մարս մոլորակի:
Ամերիկացի տիեզերագնաց Արմսթրոնգը 1969 թվականի հուլիսի 21-ին ոտք դրեց Լուսնի վրա: Նրա մտքով չէր անցնում, որ այդ առաջին խիզախ քայլը նրան կդարձնի մեծ կարողության տեր, որ կտակվել էր 1891 թվականին, Ֆրանսիայում:
Լեոնարդո դա Վինչիի բարի ու չար բնորդը
Լեոնարդո դա Վինչին իր նշանավոր «Խորհրդավոր ընթրիք» կտավի համար 40 տարի փնտրում էր համապատասխան դեմքեր՝ Հիսուսին և առաքյալներին պատկերելու համար։ Սկզբում Հիսուսի դեմքը նկարելու համար նրան գրավեց զարմանալիորեն գեղեցիկ ու բարի Պիետրո Բենդենելիի դեմքը, և նրան դարձրեց բնորդ։
Անցավ 40 տարի։ Նկարիչը փնտրում էր Հուդայի կերպարն արտացոլող բնորդ։ Մի օր նրան հանդիպում է մի թափառաշրջիկ, ով նոր էր բանտից ազատվել: Նրա դեմքի արտահայտությունը հետաքրքրում է նկարչին, քանի որ այդ դեմքը գործած մեղքերի հետքեր էր արտահայտում, կրքերի ու անօրինության կնիքը կար նրա վրա։ Մեծ է լինում նկարչի զարմանքը, երբ նա իմանում է, որ այդ մարդը սքանչելի դեմք ունեցող նույն Պիետրո Բենդենելին էր…
Ալեքսանդր Դյումայի բարկությունը
Բալզակը բարկանում էր, երբ խոսում էին Ալեքսանդր Դյումայի մասին. նա միշտ ասում էր. «Մի՛ համեմատեք ինձ այդ սևամորթի հետ»:
Դյուման Բալզակին պատասխանում է միայն մեկ անգամ և ստիպում վերջինիս մեկընդմիշտ լռել. «Իմ հայրը խափշիկ էր, մայրս՝ ստրկուհի ու սևամորթ, իսկ իմ նախապապերն ու նախատատերը կապիկներ են եղել: Իմ տոհմածառն ու գենետիկան սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է ձերը»:
Կազմեցին Նվեր Վիրաբյանը, Մոնիկա Երվանդի Թադևոսյանը