1. Բառերի՝ միևնույն հոլովով հարադրական կրկնությունները գրվում են գծիկով, օրինակ՝ գույն-գույն, զույգ-զույգ, արագ-արագ, մեկ-մեկ, ինչ-ինչ, կամաց-կամաց նաև՝ բարակ-մարակ, մանր-մունր, ոլոր-մոլոր, պարապ-սարապ, աման-չաման և այլն:
2. Բառերի՝ տարբեր հոլովներով հարադրական կրկնությունները գրվում են անջատ, օրինակ՝ կողք կողքի, ձեռք ձեռքի, երկրից երկիր, մեջք մեջքի և այլն։
3. Գրաբարյան ձևերի քարացմամբ առաջացած բարդությունները գրվում են միասին, օրինակ՝ տնետուն, երկրեերկիր ամսեամիս, օրեցօր, տարեցտարի և այլն։
4. Երբ հարադրության բաղադրիչները համազոր են (մեկը մյուսից գերադաս չէ) և ունեն նույն քերականական ձևը, ապա գրվում են գծիկով, օրինակ՝
ա) տնից-տեղից, քչից-շատից, հորով-մորով, ժուկով-ժամանակով,
բ) երկու-երեք, չորս-հինգ, քսան-երեսուն,
գ) գեներալ-մայոր, բժիշկ-կենսաբան,
դ) տուն-թանգարան, վագոն-ռեստորան,
ե) հյուսիս-արևելք (բայց՝ հյուսիսարևելյան, հարավարևմտյան), կիլոմետր-ժամ (բայց՝ կիլոմետր ժամում),
զ) Սալտիկով-Շչեդրին, Դուրյան-Արմենյան, էլզաս-Լոթարինգիա։
5. Այն բարդությունները, որոնք արտահայտում են տարբեր կողմերի՝ ժողովուրդների, երկրների, լեզուների հարաբերություններ, գրվում են գծիկով, օրինակ՝ հայ-անգլերեն, ռուս-գերմաներեն, գերմանա-իտալական, անգլո-ամերիկյան, իբերո-կովկասյան և այլն: Մյուս նմանաձև բառերը գրվում են մասին, օրինակ՝ լեզվագրական, գիտահետազոտական, նյութատեխնիկական, ռազմածովային և այլն:
6. Այն հարադրությունները, որոնց առաջին բաղադրիչը երկրորդի քերականական լրացումն է, գրվում են անջատ, օրինակ՝ ալ կարմիր, բաց դեղին, բաց կապույտ, Նոր Զելանդիա, Հեռավոր արևելք, Փոքր Ասիա և այլն:
7. Կաս-կարմիր, դեփ-դեղին, լեփ-լեցուն և նման մյուս բառերը գրվում են գծիկով, քանի որ դրանց առաջին բաղադրիչը երկրորդի մի հատվածի հնչյունափոխված ձևն է, որ սաստկացնում է բառի իմաստը։
8. Անձի գործունեության ասպեկտ մատնանշող բաղադրիչներով կապակցությունները գրվում են անջատ, օրինակ՝ Աղայան մանկագիրը, Շիրվանզադե դրամատուրգը և այլն։
9. Ինչ դերանունով բաղադրված և անորոշության իմաստ արտահայտող բառերը գրվում են գծիկով, օրինակ՝ ինչ-որ, փոքր-ինչ, դույզն-ինչ:
10. Ավանդաբար գծիկով են գրվում որոշ հատուկ անունները, օրինակ՝ Նար-Դոս, Սայաթ-Նովա, Խնկո-Ապեր:
11. Գծիկով և առանց միջակետի են գրվում դոկտոր, պարոն և այլ բառերի այս տիպի համառոտագրությունները․ դ-ր, պ-ն:
12. Խոսքում թույլատրելի է բաց թողնել որևէ բառի վերջին մասը, երբ այդ մասը առկա է հաջորդող բառում, իսկ գրավոր տեքստում այդ բառամասերից հետո գծիկ է թողնվում, օրինակ՝ մակրո- և միկրոաշխարհ, հեռուստա- և ռադիոհեռարձակում, ուլտրա- և ինֆրակարմիր:
13. Հայերենի՝ երկու բայից բաղկացած այն հարադրությունները, որոնց բաղադրիչներն ունեն մեկ ամբողջական գործողության իմաստ, գրվում են գծիկով․ ասել-խոսել (զրուցել), գրել-ջնջել (գրելիս տատամսել), գնալ-գալ (կապ պահպանել), ուտել-խմել (զվարճանալ) և այլն։ Իսկ այն բաղադրյալ ստորոգյալները, որոնց բաղադրիչներն արտահայտում են իրար հաջորդող տարբեր գործողություններ, գրվում են առանց գծիկի, օրինակ՝ «եկավ հասավ», «վեր կացավ գնաց», «կպոկվի կընկնի», «քշել տարել էր», «խփում ջարդում է» և այլն։
Կազմեց Ն․ Աբասյանը