***
«Ազատասիրության հայրը բռնությունն է, իսկ մայրը՝ անիրավությունը: Ես հիմա եմ հասկանում այս խոսքերի միտքը: Բռնակալը ինքն է պատրաստում իր համար թշնամիներ: Եթե թուրքը այսպես չվարվեր մեզ հետ, մենք մինչև անգամ կսիրեինք նրան, թող նա մեր մսից ու արյունից չլիներ»:
Այսպես մտածում էր ծերունին ու նրա սիրտը ծովի ալեկոծության նման տակնուվրա էր լինում: Բայց ինչ կարող էր անել ուժաթափ առյուծը այնքան գայլերին: Նա զգում էր իր վիճակի դառնությունը և հնարների մասին հոգալու համարձակություն չուներ: «Մի ձեռքը ծափ չի տա»,- կրկնում էր նա հայտնի առածը: Եթե մեր բոլոր գյուղացիները այսպես մտածեին, այն ժամանակ մեզ մի ճար կլիներ:
***
Մի խոսքով, ամեն թշվառությունների մեջ, ամեն հալածանքների մեջ և մեր թշնամիներից կրած ամեն տեսակ եղեռնագործությունների և բարբարոսությունների մեջ միշտ գործել է հայի տապարը: Հայը ինքն է փորել իր ազգային շինվածքի հիմքը, և ինքն իր ձեռքով է կործանել իր սուրբ և նվիրական հաստատությունները. ինչո՞ւ ենք մեղադրում օտարներին:
***
Երբ որևիցե մի ժողովրդական շարժման գաղափարը մի քանի անհատների երևակայության ցնորք է միայն և տակավին չէ ընդհանրացել, չէ տարրացել ամբոխի գոնե մի մասի մեջ, մի հարվածով կարելի է ոչնչացնել բոլորը, երբ առաջնորդող անձիքը ոչնչացրած կլինեն: Բայց ամբոխը ուրիշ բան է. ամբոխի մեջ միտքը սպանել անհնարին է:
***
Թեև ռամիկ ամբոխը հետաքրքրվում է այս տեսակ տեսարաններով, բայց գյուղացիներից և ոչ ոք չհայտնվեցավ տեսնելու, թե ինչպես են աքսորում Վարդանին, այն մարդուն, որ այնքան աշխատել էր, որ այնքան գործել էր նրանց համար… Բոլորը այժմ խորշում էին ծերունու տնից՝ որպես ժանտախտով վարակված մի բնակարանից:
***
Ամբողջ տիեզերքի մեջ չկա մի բան, որ այնպես խոնարհեցներ մարդերին, որպես սերը։ Մարդկության ամենասարսափելի հրեշները, որ դղրդում են աշխարհները, որ ներկում են արյունով երկիրները, որ ահուդողի մեջ են պահում ազգերը, խոնարհվում են, ծունկ են չոքում սիրած կնոջ առջև․ այստեղ միայն նրանք մարդ են և հանդիսանում են միայն մարդկային թուլություններով։
Ծաղկաքաղը՝ Հասմիկ Ադամյանի