Բանաստեղծության ընդգծված առանձնահատկություններից է խոսքի ռիթմը, երաժշտականությունը։ Սակայն ռիթմի ապահովումն անպայմանորեն կապված չէ հանգերի առկայության կամ, առհասարակ, տաղաչափության հետ։ Մեղեդային են հնչում նաև արձակ բանաստեղծությունները, անձնական խոհագրությունները, պարզապես ներքին մտորումների շարադրանքը։ Ընդ որում՝ այս դեպքում, մեղեդայնություն կամ ռիթմ ասելով, հասկանում ենք արդեն ոչ միայն տեքստի ձևային առանձնահատկությունը, այլ նաև խոսքի ազնվությունը, բովանդակության հուզականությունը, որոնք և ուղղակիորեն ի ցույց են դնում հեղինակի լեզվազգացողությունը։ Օրինակ՝ մի դեպքում բառի, նախադասության կրկնությունը կարող է ներդաշնակություն ապահովել, մեկ այլ դեպքում՝ ուղիղ հակառակը՝ խաթարել խոսքի բնականությունը, այն դարձնել արհեստական, անհրապույր։
Ինչ վերաբերում է բանաստեղծական խոսքի «ծանրակշռությանը», ապա, ըստ իս, հեղինակը պետք է ո՛չ չափազանց կտրվի իրականությունից՝ խաբուսիկ երազկոտությամբ ինքն իրեն և ընթերցողին հասցնելով մի տեսակ հիպնոսի վիճակի, ո՛չ էլ մնա ցանկական աշխարհի տիրույթում։
Փոխաբերությունները, գեղեցիկ համեմատություններն ու խոսքի պատկերավորման բոլոր մյուս միջոցները պետք է համոզիչ երևան, լինեն «չափի մեջ», մարդկային ներաշխարհի իրականությունն արտահայտեն մի կողմից՝ հուզականությամբ, մյուս կողմից՝ առանց ավելորդ ոգևորության։