Ծաղկաքաղ Կորյունի «Վարքից»

✟ Շատ և տեսակ֊տեսակ վշտակեցություններ կրեց [Մաշտոցը] ըստ Ավետարանի՝ ամեն բանով. իրեն տալիս էր ամեն հոգևոր վարժությունների՝ միանձնության, լեռնակեցության, քաղցի ու ծարավի և բանջարաճաշակության, անլույս արգելարանների, խարազնազգեստ ու գետնատարած անկողինների։ Շատ անգամ էլ գիշերվա հեշտալի հանգիստն ու քնի հարկը ոտքի վրա տքնությամբ վերջացնում էր մի ակնթարթում։ Եվ այս ամենն անում էր նա ոչ սակավ ժամանակ։ Եվ մի քանիսին ևս գտել հարեցրել էր իրեն՝ աշակերտ դարձնելով նույն սովորական ավետարանությանը։ Եվ այսպես՝ նա, կամայական քաջությամբ տանելով բոլոր վրա հասած փորձությունները և պայծառանալով, ծանոթ և հաճելի էր դարձել Աստծուն և մարդկանց։

✟ Եվ նա իր ընկերների հետ սկսեց սովորական աղոթքներն ու տքնությունները և արտասվալից պաղատանքները, խստամբերությունները, աշխարհահեծ հոգսերը՝ հիշելով մարգարեի ասածը, թե՝ «Երբ որ հեծեծես, այն ժամանակ կապրես»։ Եվ այսպես՝ նա շատ նեղություններ քաշեց իր ազգին մի բարի օգնություն գտնելու համար։ Ամեն բան շնորհող Աստծուց իսկապես պարգևվեց նրան [այդ] բախտը. նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր։ Եվ այնտեղ շուտով նշանակեց, անվանեց ու դասավորեց, հորինեց սիղոբաներով, կապերով։

✟ Եվ այնուհետև աստվածային գործի մշակությունն անելով՝ սկսեցին ավետարանական արվեստը՝ թարգմանել, գրել և սովորեցնել, մանավանդ որ աչքի առջև ունեին Տիրոջ տված բարձր հրամանները, ավանդված աստվածային բարձր պատգամները, որ տրվել էին երանելի Մովսեսին բոլոր եղած բաների մասին՝ մատյանի մեջ գրել գալիք հավիտենականությանը պահելու համար, այլև ուրիշ մարգարեներին տրված նույնպիսի հրամանները։ «Ա՛ռ,- ասում է,- նոր մեծ քարտ և նրա վրա գրի՛ր դպրի գրչով»։ Եվ ուրիշ տեղ թե՝ «Գրի՛ր այդ տեսիլը տախտակի վրա և հաստատի՛ր գրքի մեջ»։ Իսկ Դավիթն ավելի ևս հայտնի կերպով ցույց է տալիս, որ աստվածատուր օրենքը պիտի վիճակվի բոլոր ազգերին՝ ասելով․ «Պիտի գրվի ուրիշ ազգերի համար», և թե՝ «Տերը գրքով պիտի պատմի ժողովուրդներին», որ եկավ, լրացրեց ամենափրկիչ Քրիստոս Իր շնորհատուր հրամանով, թե՝ «Ելե՛ք բոլոր ազգերի մեջ», և թե՝ «Այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ տիեզերքում»: Ուստիև մեր երանելի հայրերը, թույլտվություն ստանալով, իրենց մշակությունը հուսալից ջանքով դարձրին երևելի և արդյունաբեր՝ ըստ Ավետարանի:

✟ Այն ժամանակ անպայման սքանչելի դարձավ մեր երանելի ու ցանկալի Հայաստան աշխարհը, ուր երկու հավասարակիցների ձեռքով հանկարծ, միանգամից եկան հասան, հայաբարբառ, հայրենախոս դարձան օրենուսույց Մովսեսը՝ մարգարեական դասի հետ, և առաջադեմ Պողոսը՝ բոլոր առաքելական գնդով՝ Քրիստոսի Ավետարանի հետ միասին։ Ի՜նչ սրտալիր ուրախություն էր այնտեղ այնուհետև, և ի՜նչ հաճելի տեսարան աչքի համար։ Որովհետև մի երկիր, որ անունն անգամ չէր լսել այն կողմերի, ուր բոլոր աստվածային սքանչելի գործերը կատարվեցին, շատ շուտով, իսկույն իմացավ բոլոր եղած բաները, ոչ միայն ժամանակով կատարվածները, այլև առաջագույն հավիտենականությունը, և հետո եկածները, սկիզբը և վերջը, և բոլոր աստվածային ավանդությունները։

✟ Դարձյալ՝ մեջտեղում մի ժամանակ անցնելուց հետո՝ Քրիստոսի սիրելին մտածեց հոգ տանել նաև բարբարոսական կողմի համար։ Եվ սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար։ Գրեց, դասավորեց և օրինավոր կերպով հարդարեց և իր աշակերտներից մի քանի լավագույններին հետն առավ, վեր կացավ, գնաց իջավ Վրաց կողմերը։ Եվ գնաց ներկայացավ թագավորին, որի անունը Բակուր էր, և աշխարհի եպիսկոպոսին՝ [անունը] Մովսես։ Եվ թագավորն ու ազնվականները, բոլոր գավառներով միասին, շատ անսացին նրան ըստ աստվածային օրենքի։ Եվ նա իր արվեստն առաջարկելով՝ խրատեց, հորդորեց նրանց, և այն ժամանակ ամենքը հանձն առան նրա ուզածը կատարել։ Եվ վրացերեն լեզվի մի թարգմանիչ գտավ, որ անվանվում էր Ջաղա՝ մի գրագետ և ճշմարտահավատ մարդ, այնուհետև Վրաց արքան հրամայեց իր իշխանության զանազան կողմերից և խառնաղանջ գավառներից մանուկներ ժողովել և տալ վարդապետի ձեռքը։ [Նա էլ] նրանց առավ, ուսման բովի մեջ ձգեց և հոգևոր սիրով ու եռանդով ի բաց քերեց [նրանցից] դևերի ու սնոտի կուռքերի պաշտամունքի աղտն ու ժանգը:

✟ Ապա դրանից հետո դարձյալ՝ երանելի Մաշտոցն իր այսպիսի շատ ու բարձրագույն ուսումով սկսեց կարգել և հորինել հաճախագույն դյուրապատում, շնորհագիր, բազմադիմի ճառեր մարգարեական գրքերի լուսավորությունից ու հյութից՝ ավետարանական ճշմարիտ հավատի ամեն ճաշակներով լի։ Դրանց մեջ՝ ավելի հանդերձյալ կյանքի հարութենական հույսի վերաբերյալ շատ նմանություններ և օրինակներ հերյուրեց, կազմեց աշխարհիս անցավոր բաներից, որպեսզի անգետներին ու մարմնական բաներով զբաղվածներին հեշտ ընդունելի և հեշտ հասկանալի լինեն՝ [նրանց] սթափեցնելու ու զարթեցնելու խոստացված պարգևների նկատմամբ հիմնովին քաջալերելու համար։

✟ Եվ այսպես՝ Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի բոլոր կողմերում իր ամբողջ կյանքի ընթացքում՝ ամառ ու ձմեռ,գիշեր ու ցերեկ, անվեհեր և առանց բնավ հապաղելու իր իսկ ավետարանական և ողջապատում վարքով իր անձի վրա Ամենափրկիչ Հիսուսի անունը կրեց թագավորների, իշխանների ու բոլոր հեթանոսների առջև և առանց ընդդիմության հակառակորդների կողմից։ Եվ ամեն մարդու զարդարեց Քրիստոսի զգեստով և հոգեպես և շատ բանտարկյալներ ու կալանավորներ և նեղյալներ ազատեց՝ Քրիստոսի ահավոր զորությամբ կորզելով նրանց բռնակալների ձեռքից։ Եվ շատ անիրավ մուրհակներ պատռեց, և շատ սգավորների ու նեղսրտածների իր մխիթարական վարդապետությամբ ակնկալություն ու հույս տվեց Մեծ Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնության ժամանակի համար, և ամենքին ընդհանրապես փոխեց, աստվածապաշտության կարգուկանոնի մեջ դրեց:

Հավանեցի՞ր. տարածիր