Մթնոլորտային տեղումներ

Մթնոլորտային տեղումների հիմնական տեսակներն են անձրևը, ձյունը, կարկուտը:

Երբ արևը տաքացնում է ծովերի ու օվկիանոսների մակերևույթի, գետերի ու լճերի ջուրը, այն փոխակերպվում է թափանցիկ, անտեսանելի գոլորշու: Տաք օդի հոսքի հետ ջրային գոլորշին բարձրանում է վեր, որտեղ օդն ավելի սառն է, քան Երկրի մակերևույթին: Սառչելով՝ գոլորշին խտանում է և վերածվում ջրի մանրիկ կաթիլների կամ սառցաբյուրեղիկների, որոնք, միախառնվելով, խոշորանում են, ծանրանում և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են գետին՝ առաջացնելով տեղումներ:

Անձրևը տեղումներից ամենատարածված ու հայտնի տեսակն է: Անձրևի կաթիլներն ունենում են 0,05-7 մմ տրամագիծ, սակայն օդի վերընթաց հոսանքների դեպքում Երկրի մակերևույթ են հասնում միայն 2 մմ-ից ավելի տրամագիծ ունեցող կաթիլները:

Ձյունը մթնոլորտային պինդ տեղումներից է, առաջանում է О-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում: Նախ գոյանում են սառցի մանր բյուրեղիկներ, որոնց շուրջը գոլորշիները խտանալով կազմում են փաթիլներ և թափվում գետին: Ձյան փաթիլներն ունեն վեցանկյուն կամ վեցաթև աստղանման սառցաբյուրեղների տեսք:

Երբեմն տաք օդի հետ վեր բարձրացող ջրային գոլորշիները հասնում են այնպիսի բարձրության, որտեղ ջերմաստիճանը ցածր է -15 աստիճանից: Այնտեղ միշտ կան սառցի բյուրեղիկներ, որոնք, շարժվելով վեր ու վար, աստիճանաբար պատվում են սառցի նորանոր շերտերով, մեծանում են և թափվում որպես կարկուտ: Կարկտահատիկի չափերը շատ տարբեր են, տրամագիծը կարող է հասնել մինչև 40 մմ-ի, իսկ քաշը՝ 200–300 գ-ի:

Ըստ ուժգնության և տևողության՝ տեղումները լինում են հորդառատ՝ սկսվում և ավարտվում են հանկարծակի, արագ են և շատ ուժգին, տեղատարափ՝ կարճատև են, միջին ուժգնության, մանրամաղ՝ երկարատև են և թույլ ուժգնության:

Կան նաև այնպիսի մթնոլորտային տեղումներ, որոնք առաջանում են Երկրի մակերևույթին՝ նրա հետ գոլորշիներով հագեցած օդի անմիջական շփումից: Այդպիսի տեղումներից են ցողն ու եղյամը:

Ցողն առաջանում է այն պատճառով, որ գիշերը հողն ու բույսերը կորցնում են իրենց ջերմության զգալի մասը, և օդը գետնամերձ շերտում այլևս չի կարողանում պահել այնքան գոլորշի, որքան ցերեկը՝ ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում: Խոնավ օդը որոշակի ջերմաստիճանում, որը կոչվում է ցողի կետ, Երկրի սառը մակերևույթին առաջացնում է ցող: Ցողի մի մասը, սովորաբար, արևածագից հետո գոլորշանում է, իսկ մյուս մասը՝ ներծծվում: Եթե ցողառաջացումը տեղի է ունենում օդի գետնամերձ շերտի բացասական ջերմաստիճանի պայմաններում, ինչը սովորաբար լինում է վաղ գարնանն ու ուշ աշնանը, ապա գոյանում է եղյամ:

Ձմռան ուժեղ սառնամանիքների և մառախուղների ժամանակ ծառերի, թփերի, հաղորդալարերի վրա առաջանում են ավելի խոշոր սառցաբյուրեղներ՝ ճենճառ:

Տեղումների քանակը կախված է բազմաթիվ գործոններից՝ օդի ջերմաստիճանից, մթնոլորտի շրջանառությունից, տեղանքի բարձրությունից, դիրքադրությունից: Այս և բազմաթիվ այլ գործոններով պայմանավորված՝ տեղումները Երկրագնդի վրա տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ: Երկրի վրա տարեկան թափվում են մոտ 577 հզ. կմ խորանարդ ծավալի տեղումներ: Դրա 50%-ը թափվում է հասարակածի հյուսիսային և հարավային 20 աստիճան լայնությունների միջև (տարեկան միջինը՝ 2000–3000 մմ): 20– 35 աստիճան լայնություններում՝ արևադարձային գոտում, տեղումների քանակը հասնում է նվազագույնի՝ տարեկան մինչև 500 մմ: Այս գոտու ներքին շրջաններում և արևմտյան ծովափերին երբեմն տարիներով անձրև չի լինում, սակայն արևելյան ծովափնյա շրջաններում ծովային տաք հոսանքների և պասսատների շնորհիվ թափվում են առատ տեղումներ:

Բարեխառն լայնություններում տեղումների քանակը վերստին ավելանում է, տարեկան միջինը՝ 800 մմ, ներքին շրջաններում՝ 300–400 մմ: Բարձր լայնություններում օդի ցածր ջերմաստիճանի պայմաններում տեղումների տարեկան քանակը խիստ նվազում է (200–300 մմ՝ Երկրի վրա թափվող տեղումների 4%-ը):

Տեղումների տարեկան ընդհանուր քանակը Երկրի մակերևույթին կարող է առաջացնել մոտ 1000 մմ բարձրության համատարած շերտ, որը և ակտիվորեն մասնակցում է աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող բազմաբնույթ շարժընթացների:

Երկրագնդի վրա առավելագույն տարեկան միջին տեղումները դիտվում են Հիմալայների հարավահայաց լանջերին՝ Հնդկաստանի Չերապունջի բնակավայրում՝ 12.000–13.000 մմ (առավելագույնը՝ 1856 թ-ին՝ 22.987 մմ): Ամենաքիչ տեղումներ թափվում են Սահարա, Ատակամա, Կալահարի անապատներում: Տեղումների տարեկան նվազագույն քանակը դիտվել է Սուդանում (3 տարվա ընթացքում՝ 1 մմ) և Չիլիի Ատակամա անապատում (0,8 մմ):

Հայկական հանրագիտարան

Հավանեցի՞ր. տարածիր