✟ Իսկ հոգևոր արժեքների վեհությունը, որ աստվածասերների համար մեծություն է, նման է թանկագին մարգարիտի, նուրբ բոլորակաձև, լուսավոր, հազվագյուտ, որը չունի բիծ կամ արատ իր ճաճանչավոր փայլի մեջ, այլ առատորեն զարդարում է թագավորների վայելուչ թագերը և կամ Հնդկաց աշխարհից բերված թանկագին քարերի [նման], որոնք վայելուչ զարդով, խույրով ու պսակով զարդարում են թագավորին։
✟ Արդ՝ ջանք հանձն առնելով մտնել պատմության մատյանների խորության մեջ՝ խոսքը կուղղեմ նրանց, որ կամենում են իմաստությամբ ունկնդիր լինել օգտակար պատմությանս։ Արդ՝ հրաման է հասել ինձ՝ Ագաթանգեղոսիս, որ մեծ Հռոմ քաղաքից եմ, կրթված հայրենի գիտությամբ, սովորել եմ լատիներենն ու հունարենը, ուսանել դպրությունը և ոչ խիստ անտեղակ [մնացել] նշանագրերի արվեստին։ Սրա հետ մեկտեղ եկել եմ Արշակունու արքունիք քաջ և առաքինի, ուժեղ և պատերազմող Տրդատի տարիներին, որը, բոլոր նախնիներից կորովի լինելով, արիությամբ գերազանցել է նրանց, եղել է ըմբշամարտիկ և պատերազմերի մեջ հսկային վայել քաջություններ է գործել։ Մեզ հրամայեց ո՛չ իր քաջագործությունները սուտ վիպասանել և ո՛չ էլ արժանիքներից ավելի քմազարդ առասպելները չափազանցել, այլ շարադրել եղած դեպքերը։
✟ Իսկ Աստուծո պատիվն ու պաշտամունքը չի կարելի որևէ մեկին տալ․․․․ Նա է Արարիչը Երկնքի ու հրեշտակների, որոնք Նրա մեծության փառավորիչներն են, և երկրի ու մարդկանց, որոնք Նրա ձեռքով են ստեղծված, և որոնց պարտքն է պաշտել Նրան ու կամքը կատարել, ինչպես նաև այն ամենի, որոնք ապրում են դրանց վրա՝ թե՛ ծովում, թե՛ ցամաքում։
✟ Քանզի առաջին մարդկանց կերտած արձաններով հրապուրվեցին, և իրենք կերտեցին, որով հենց այն ժամանակ էլ մոլորվեցին՝ զրկվելով Արարչի Լույսից։ Իսկ որոնք որ նրանց պաշտում են, հիրավի նման են անասունների, քանի որ [կուռքերը] «Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում, ականջներ ունեն և չեն լսում, քթեր ունեն և չեն հոտոտում, ձեռքեր ունեն և չեն շոշափում, ոտքեր ունեն և չեն քայլում, և շունչ չկա նրանց բերաններում։ Նրանց նման կլինեն նրանք, որ ստեղծել են և հույս են դրել նրանց վրա»։
✟ Երկինքն ու երկիրը, արեգակն ու լուսինը և աստղերի բազմությունը, ծովերը, գետերը, գազանն ու անասունը, սողունն ու թռչունը, լողական ձկները, եղածները և լինելիքները․ ամեն մեկը իր կարգով և յուրաքանչյուրը ենթարկվեցին հրամաններին։ Բայց միայն մարդու կամքն է, որ անձնիշխան է թողնված՝ անելու ինչ կամենա։ Ավելի ոչինչ նրանից չպահանջվեց, քան այն, որից զգուշացված էր՝ չճաշակել այդ ծառից, քանզի այսպիսով Նա արժանի կդարձներ նրան փոքրի փոխարեն մեծամեծ [բաներ] ընդունել և այն բանի համար, որ իր վաստակների դիմաց շնորհ էր վայելում, նա Արարչից կստանար փոքր [արարքների] փոխարեն մեծամեծ շնորհներ: Ահա սրա համար էլ Նա հրամայեց նրան ունենալ անկախ կամքի ազատ իշխանություն։
✟ Բայց այժմ զորացրո՛ւ, Տե՛ր, Քո ծառաներին, Քո անվան սիրույն, որ հաղթենք թշնամու զորությանը, և Քո արարածների հանդեպ ունեցած քաղցր սիրով վերացրու ու փարատիր կռապաշտ հեթանոսության չար մեգը։ Դո՛ւ, որ անձդ դրեցիր Քո ոչխարների համար, մի լքիր Քո հոտը, որպեսզի ուղղություն տաս նրան։ Քանզի միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը և քավել Քո արարածների հանցանքներն ու անօրինությունները, որ միայն Քեզ պաշտեն, Քո կամքը կատարեն և լինեն Քո աստվածության փառավորիչները, ապրեն ըստ Քո Դատաստանի և վայելեն Քո անճառ բարիքները, որպեսզի առանց ամոթի ու քաշվելու ամենքը արժանի լինեն կանգնելու Քո մեծության առջև, իսկ սրանց անգետ գործը անմեղություն համարես։
✟ Դուք ինձ գցել էիք Խոր վիրապը, մահվան սարսափելի տեղը, և ես այնտեղից Աստուծո կամքով ողջանդամ ելա։ Այս բոլորն ասելով՝ ոչ թե իմ անձով եմ պարծենում, այլ որովհետև հնարավոր չէ թաքցնել Աստուծո հրաշքները։ Քանզի չի էլ թաքցվի, այլ պետք է պատմվի, քանի որ ինձ փրկեց մահվանից, մինչդեռ ձեր աչքում մեռած էի համարվում, ինչպես որ դուք հենց ձեր կողմից վկայում եք։ Իսկ դուք, որ մեռած էիք ձեր մեղքերի մեջ, ահավասիկ մեռյալներդ մեռյալիս ձեռքով կենդանանում եք։ Վասնզի ինձ հանձնարարված է հաղորդել Աստուծո հրամանները, ձեզ դարձի բերել դեպի ճշմարտության ճանապարհը, որ հրաժարվեք քարեղեն, փայտեղեն, արծաթեղեն ու պղնձե կուռքերի ունայն պաշտամունքից, որոնք ոչինչ են և ոչ ոքի պիտանի, դարձ կատարեք դեպի կենդանի Աստվածը, Ով ստեղծել է Երկինքն ու երկիրը, ծովն ու ամեն ինչ, որ նրա մեջ կա և դեպի Նրա Բանը՝ Միածին Որդին ու կենդանի ու կենդանարար Հոգին, որը մաքրիչ ու քավիչ է իր երկրպագուներին ու փառավորողներին։