Վան քաղաքում մի իշխան էր ապրում՝ Երվանդ անունով: Մի անգամ սա ի լուր ամենքի հայտարարում է, թե իր չնաշխարհիկ դուստր Վարսեին կնության կտա նրան, ով կթխի ամենահամեղ հացը:
Վանեցի երիտասարդները իրարով են անցնում: Նրանցից քչերը գիտեին հաց թխել, իսկ շատերը չէին կարող նույնիսկ թթխմոր հունցել: Բայց գեղեցկուհի Վարսեին տիրանալու փափագը բոլոր երիտասարդներին հացթուխ դարձրեց:
Ամեն օր թարմ հաց էին տանում Երվանդին: Իշխանը համտեսում էր հացը, բայց չէր կարողանում որոշել, թե որն է ամենալավը:
Վերջապես իշխանի մոտ իր թխած ցորենահացը տարավ նաև երիտասարդ Վարդանը: Երվանդը հացի համն առավ ու զարմացավ: Մինչև այժմ այդքան համեղ հաց չէր կերել:
Նա շուռումուռ տվեց հացն ու դիմեց Վարդանին.
– Թվում է, թե քո հացը ոչնչով չի տարբերվում մյուսների թխածներից, բայց սա ավելի համեղ է, քան նրանցը: Հո սրա ալյուրը ուրիշ տեղից չե՞ս բերել:
– Ո՛չ, իշխան, և՛ ալյուրն է նույնը, և՛ թթխմորը, և՜ ջուրը, և՛ աղը: Բայց ես հացը թխում եմ լուսադեմին, իսկ լուսադեմին թխած հացը ավելի համեղ է լինում, քան ցերեկվա ու գիշերվա թխածը,– ասաց Վարդանը:
– Դու հաղթեցիր, երիտասարդ, քո հմտությունը հիացրեց ինձ, դու իսկական հացագործ ես,– ասաց իշխանը և Վարսեին կնության տվեց Վարդանին:
Այդ ժամանակվանից Վարդանն ու իր բոլոր հետնորդները ստացան Հացագործյան մականունը, որը դարձավ նրանց ազգանունը:
Ըստ Հայկ Խաչատրյանի