Աբովյան փողոցի պատմությունը

Երևանի ներկայիս Աբովյան փողոցը ի սկզբանե կոչվում էր Ամրոցային, ապա՝ Աստաֆևսկայա՝ Երևանի 1864-1868 թթ․ նահանգապետ գեներալ Միխայիլ Աստաֆևի անունով, բայց ժողովուրդը այն անվանում էր հայկական Աստաֆյան տարբերակով։ Քանի որ սա քաղաքի առաջին պլանավորված փողոցն էր, տեղացիները, «պլան» ասելով, հասկանում էին հենց Աստաֆյան փողոցը, իսկ Պլանի գլուխ էին կոչում փողոցի վերջնամասում գտնվող Աբովյան պուրակը, որտեղ տեղադրված է Խաչատուր Աբովյանի արձանը։
Ավելի ուշ փողոցն անվանակոչվեց հայ նոր գրականության, մանկավարժության հիմնադիր, գրող, ազգագրագետ Խաչատուր Ավետիքի Աբովյանի անվամբ: 1933 թվականին ներկայիս Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեց Խաչատուր Աբովյանի բրոնզաձույլ արձանը, որը դեռևս 1913 թվականին Փարիզում պատրաստել էր քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանը: Աբովյան փողոցում էին գտնվում քաղաքի ճարտարապետական հնագույն կոթողներից երկուսը՝ Սբ․ Պողոս-Պետրոս և Սբ․ Կաթողիկե եկեղեցիները: Պողոս-Պետրոսը՝ 5-րդ, իսկ Կաթողիկեն 13-րդ դարի կոթողներ էին: Առաջինը գտնվում էր ներկա «Մոսկվա» կինոթատրոնի տեղում, այն քանդվեց 1933 թվականին, իսկ երկրորդը` Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների անկյունում:
Վալտեր Արամյանը պատմում է, որ Աստաֆյան փողոցը քաղաքի զբոսավայրն էր: Երեկոյից մինչև ուշ գիշեր այստեղ զբոսնում էին բնակիչները: Բանաստեղծ Եղիշե Չարենցը, սակայն, ցերեկային ժամերին Աստաֆյանով անցնում էր շտապ և ոչ մեկին չէր նկատում: Իսկ նրան նկատում էին բոլորը: Ուշ երեկոյան Աստաֆյանը սկսում էր դատարկվել. լույսերը մարում էին, փողոցը մթնում և ոչնչով չէր տարբերվում քաղաքի մյուս հատվածներից: Եվ ահա այն պահին, երբ ամայի փողոցում էլ մարդ չէր մնում, Աստաֆյանում էր հայտնում մի կույր վանեցի սրնգահար: Ծերունին գալիս նստում էր ամենօրյա տեղում, գլխարկը հանում, դնում էր ոտքերի մոտ և սկսում էր նվագել: Վշտոտ, թախծոտ երգեր էր նվագում՝ կարոտի և հույսի մեղեդիներ: Այդ պահերին սովորաբար տնից դուրս էր գալիս Եղիշե Չարենցը և գնում սրնգահարին լսելու: Նա մոտենում էր հուշիկ քայլերով և պպզում սրնգահարից ոչ հեռու:
– Եկա՞ր, Եղիշե՛,– շշնջում էր սրնգահարը:

* Հետնանկարում Թենգիզ Միկոյանցի «Աստաֆյան փողոց» կտավն է։

Հավանեցի՞ր. տարածիր