Ուսանող էի Պետերբուրգի կոնսերվատորիայի վերջին կուրսում: Ամառային արձակուրդիս գնացի Ֆինլանդիա՝ հազար ու մեկ լճերի երկիրը տեսնելու, նրա կիրթ ժողովրդին մոտիկից ճանաչելու: Հելսինկիի հյուրանոցներից մեկում վարձեցի մի համար և սկսեցի պարապել: Փորձում էի նոր եղանակներ ձայնագրել ու հետն էլ երգում էի կամ դաշնամուր նվագում:
Ահա մի օր դուռս ծեծում են:
Մտածելով, թե հյուրանոցի վարչությունը երևի նկատողություն է անելու, գնում եմ դուռը բացելու:
Դիմացս կանգնած է կոկիկ հագնված, հիսունի մոտ մի եվրոպացի:
– Կարելի՞ է,– ասում է:
– Խնդրեմ,– հրավիրում եմ ներս:– Ինչո՞վ կարող եմ ծառայել:
Պատասխանելու փոխարեն հարցնում է.
– Ասացեք, խնդրեմ, Դո՞ւք եք երգում այստեղ:
– Այո:
– Թույլ տվեք հարցնել Ձեր ազգությունը:
– Ես հայ եմ:
– Հա՜յ,– զարմանում է այցելուս և նայում ինձ՝ ոտից գլուխ ուսումնասիրողի հայացքով, ապա նորից հարցնում է,– Դուք երգի՞չ եք:
– Ո՛չ, երգահան:– Երգահա՜ն,– բացականչեց նա:– Կարո՞ղ եմ խնդրել Ձեզ, որ մի երգ երգեք ինձ համար: Ես Ձեր սենյակի հարևանն եմ, ամեն օր լսում եմ Ձեր երգերը, և դրանք հաճելի են ինձ։