Վարդանի քարը

Վայոց ձորում քարեղեն մի հրաշք կա, որին Վարդանի քար են ասում: Երբ նայում ես այդ քարին, թվում է՝ սպարապետի կիսադեմն է՝ արծվաքիթ, մո­րուքով, նշանավոր սաղավարտով: Անդնդախոր ձորում՝ հսկայական ժայ­ռե­րի մեջ, թվում է, տեսնում ես վիթխարի արձանի գլուխը, իսկ մարմինը հողի մեջ է:

Զրույց կա, թե Ավարայրի ճակատամարտից հետո, երբ նահատակվեցին հազարավոր հայ քաջորդիներ, և նահատակվեց Վարդան Մամիկոնյանը, ժողովուրդը լացուկոծով լցրեց անդնդախոր այս ձորը։ Չկամենալով հավատալ իրենց անվեհեր զորավարի մահվանը՝ մարդիկ Աստծուն աղերսում էին վերադարձնել նրան:

…Եվ մի առավոտ մարդիկ տեսան Վարդանի քարեղեն կիսադեմը:

Ուշադիր, երկար նայելիս կարող ես նույնիսկ նկատել նրա ճակատի կնճիռ­ները, հոգսն ու մտածումը հայացքի մեջ: Ձորի այս հատվածում մի իսկական քարաժխոր է, և միայն կիսադեմն է շրջապատված կանաչ օազիսով․․․ ապշե­ցու­ցիչ է: Թվում է՝ մարմինը, հողի և գետի մեջ սուզված, հանգստանում է զորա­վարը՝ արթուն հայացքը սևեռած հայոց աշխարհին:

Եգիպտական սֆինքսները, փարավոնների վիթխարի արձանները մար­դիկ են ստեղծել․ Վարդանի դիմաքանդակը բնության գործն է և, այո՛, ժողովրդի: Ժողովրդի հազարամյա սերն է ծնել քարեղեն այս տեսիլքը:

Ըստ Զ. Դարյանի

Հավանեցի՞ր. տարածիր