Լենկ-Թեմուրը գրավել էր Գոշավանքը: Գյուղացիներից նա ուզում էր խլել թաքցրած ոսկիները, վանքի հարստությունը: Տանջանքներն արդյունք չտվին. ոչ ոք չէր ասում գաղտնարանի տեղը: Բռնակալի մերձավորներից մեկը, որ երևի լավ գիտեր հայ մարդկանց ուժն ու թուլությունը, խորհուրդ տվեց. «Այրի՛ր վանքի գրքերը, և նրանց լեզուները կբացվեն»:
Հավաքեցին, իրար վրա դիզեցին ձեռագիր մատյանները և այն է՝ պիտի կրակի տային, ժողովուրդը փակեց կրակի ճանապարհը. «Մի՛ այրեք, կասենք»:
Ապշել էր Լենկ-Թեմուրը:
Բերին, գրքերի մոտ դիզեցին ոսկի, թանկարժեք քարեր:
Լենկ-Թեմուրը ձեռքն առավ ձեռագիր մի մատյան, թերթեց:
– Կարդա՛, ի՞նչ է գրված,– գիրքը մեկնեց կողքին կանգնած մարդուն:
Մարդը վերցրեց մատյանը, զգույշ, ինչպես քնած երեխային, թերթե՜ց, թերթեց…
– Կարդալ չգիտեմ, զորավա՛ր,– ասաց մեղավոր:
– Մենք կարդալ չգիտենք, զորավա՛ր, վանականներին ասա…
– Մեր պատմությունն է, զորավա՛ր,– տեղից ասաց վանահայրը,– մեր պատմությունն է և մեր աղոթքը:
Հայկական ավանդապատում