Նախադասության անդամները որոշելու դժվարություններ

Առհասարակ, նախադասության անդամների ճշգրիտ որոշումը մեր լեզվազգացողության ամենավառ ցուցիչն է։ Անհնար է որևէ էական շարադասական կամ կետադրական սխալ թույլ տալ, եթե հստակ գիտակցում ենք՝ տվյալ կազմության մեջ ո՛ր բաղադրիչն ի՛նչ պաշտոն ունի (կամ եթե պաշտոն չունի, ապա ինչ գործառույթ է իրականացնում)։

Ենթական, ստորոգյալը, տեղի, ժամանակի, չափ ու քանակի պարագաները և այլ լրացումներ բավականին հեշտ են տարբերակվում։ Սակայն այնպիսի պաշտոններ, ինչպիսին են հանգման անուղղակի խնդիրը, միասնության պարագան, սահմանափակման անուղղակի խնդիրը, հաճախ շատերը չեն կարողանում որոշել։

Պետք է գիտենալ, օրինակ, որ հանգումը միայն ֆիզիկական նշանակություն չէ, որ ունի, այլև մտածողական։ Այսպես՝ «Նա մոտեցավ Արամին» նախադասության մեջ «Արամին»-ը, այո՛, հանգման անուղղակի խնդիր է, բայց հանգման անուղղակի խնդիրներ են նաև հետևյալ նախադասությունների լրացումները․
▪ Նա խոսում է Արամի հետ։
▪ Նա խոսում է Արամի համար։
▪ Նա ուշադիր է Արամի նկատմամբ։
▪ Նա ապրում է հանուն Արամի։
Ուշագրավ է, որ «Նա աշխատում է Արամի հետ» նախադասության մեջ նույն «Արամի հետ» բաղադրիչն արդեն ոչ թե հանգման անուղղակի խնդիր է, այլ միասնության անուղղակի խնդիր։ Վերևում ենթական խոսքն Արամին էր ուղղել, իսկ այստեղ Արամի հետ միասին է կատարում աշխատանքը։

Կամ՝ «Ես դուրս եկա տնից» նախադասության մեջ «տնից»-ը տեղի պարագա է, բայց հետևյալ նախադասության մեջ․ «Ես հեռացա Արամից», լրացումն արդեն անջատման անուղղակի խնդիր է, որովհետև Արամը անձ է և չի կարող տեղ լինել։
Իսկ «Ես կերա հացից» նախադասության մեջ արդեն «հացից»-ը մասնական ուղիղ խնդիր է․ ես հացը կերա, միայն թե նրա մի մասը։

«Այդ ձուկն ապրում է քաղցրահամ լճերի մեջ». այստեղ «լճերի մեջ»-ը, անխոս, տեղի պարագա է։ Սակայն «Նա հարգված է աշակերտների մեջ» նախադասության լրացումն արդեն սահմանափակման անուղղակի խնդիր է. նրա հանդեպ հարգանքը, այսինքն ստորոգյալի տիրույթը, «սահմանափակվում» է աշակերտությամբ, աշակերտության շրջանակով, և այստեղ խոսքն ինչ-որ առանձին վայրի մասին չէ։

«Գեղամն աշխատում է ուրագով» նախադասության մեջ «ուրագով»-ը միջոցի անուղղակի խնդիր է, մինչդեռ «Գեղամը որդիներով հայրենիք վերադարձավ» նախադասության մեջ «որդիներով»-ն արդեն միասնության անուղղակի խնդիր է։

Մի խոսքով՝ հետաքրքիր գիտաճյուղ է քերականությունը, ամենափիլիսոփայական գիտաճյուղերից մեկը, որն իրականում ուղիղ կապ ունի շրջակա աշխարհն ընկալելու մտածողական ճանապարհի հետ։

Նշան Աբասյան

Հավանեցի՞ր. տարածիր