Ռազմական, քաղաքական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի շնորհիվ մեկ դար առաջ կասեցվեց հայկական Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը:
Գարեգին Նժդեհը (իսկական ազգանունը՝ Տեր-Հարությունյան) սովորել է Նախիջևանի ռուսական դպրոցում, ապա՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, այնուհետև արդեն՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանության բաժնում: 1907 թ. ավարտել է Սոֆիայի սպայական դպրոցը: 1908-ին նա վերադարձել է Կովկաս և մեկ տարի անց ձերբակալվել ցարական ոստիկանության կողմից (զենք տեղափոխելու մեղադրանքով)։ 1912 թ․ ազատվել է բանտից և մեկնել Բուլղարիա:
Նժդեգը մասնակցել է Բալկանյան առաջին պատերազմին (1912–13 թթ.). Անդրանիկի հետ կազմավորել է հայկական կամավորական վաշտ (271 զինվորով) և բուլղարական բանակի կամավորական միավորման հետ կռվել թուրքերի դեմ. պարգևատրվել է «Սպայական քաջության խաչ» շքանշանով:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914–18 թթ.) նշանակվել է կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրոյի (Դրաստամատ Կանայան) տեղակալ, 1916-ին՝ կամավորական գնդերը ցրելուց հետո, անցել է Ալեքսանդրապոլ: 1918-ին հեծյալների հարյուրյակով մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին (մայիսի 24–28): Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվանից զբաղվել է ազգային բանակի կազմավորման և ուսուցման աշխատանքով:
1919 թ․ հոկտեմբերից Զանգեզուրի (ներկայիս ՀՀ Սյունիքի մարզի տարածքը) զինված ուժերի հրամանատարն էր, որոնք նոյեմբերին կազմակերպված դիմադրություն ցույց տվեցին թուրք-թաթարական զորքերին:
1920 թ․ հուլիսին Նժդեհն իր փոքրաթիվ ուժերով մի քանի շաբաթ անհավասար մարտեր է մղել Կարմիր բանակի դեմ՝ Կապանի պաշտպանության համար:
1920 թ․ օգոստոսի 10-ին Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը պետք է ժամանակավորապես վերահսկեին խորհրդային ուժերը՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածքների պատկանելության հարցի խաղաղ լուծումը: Սակայն Զանգեզուրի ժողովուրդը՝ Նժդեհի գլխավորությամբ, չճանաչեց այդ համաձայնագիրը: 1920 թ․ սեպտեմբեր-նոյեմբերին Նժդեհն ազատագրեց Կապանը, Սիսիանը և Գորիսը:
Դեկտեմբերի 25-ին հռչակվեց Սյունիքի ինքնավարությունը, Նժդեհն ընտրվեց Սյունյաց սպարապետ: 1921 թ․ ապրիլի 26-ին Տաթևի վանքում գումարված համազանգեզուրյան երկրորդ համագումարն Ինքնավար Սյունիքը հռչակեց անկախ Լեռնահայաստանի Հանրապետություն, Նժդեհն ընտրվեց վարչապետ և արտաքին գործերի ու զինվորական նախարար:
1921 թ․ հուլիսի կեսերին՝ Սյունիքը Խորհրդային Հայաստանին միացնելու երաշխիքներ ստանալուց հետո, Նժդեհը փոքր զորախմբով անցնում է Իրան, 1922 թ․՝ մեկնում Սոֆիա:
1932–34 թթ․ Գարեգին Նժդեհը առժամանակ բնակվել է ԱՄՆ-ում:
1944 թ․ սեպտեմբերին՝ խորհրդային բանակի` Բուլղարիա մտնելուց հետո՝ հոկտեմբերի 10-ին, Նժդեհը ձերբակալվում է. նրան տեղափոխում են Բուխարեստ, ապա՝ Մոսկվա, և բանտարկում Լուբյանկայի բանտում: 1946 թ․ նոյեմբերին ուղարկում են Երևան, դատապարտում 25 տարվա բանտարկության: 1948 թ․ Նժդեհը տեղափոխվում է Վլադիմիրի բանտ (Ռուսաստան), որտեղ և վախճանվում է դեկտեմբերի 21-ին:
1983-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվում է Երևան, որից մի մասունք ամփոփվում է Խուստուփի լանջին (2001 թ. կանգնեցվել է կիսանդրին), 2005 թ․ ապրիլի 26-ին աճյունի մի մասը զինվորական պատիվներով վերաթաղվում է Կապանում, որտեղ ստեղծվում է Նժդեհին նվիրված հուշահամալիր: