Հայ ժողովուրդը քիչ չի ծնել մեծանուն զավակներ, որոնք բացառիկ նվաճումների են հասել համաշխարհային տնտեսության ասպարեզում և այնուհետ ահռելի հարստություն են նվիրաբերել իրենց հայրենիքին ու հայրենակիցներին։
Բացառիկ է եղել Ալեքսանդր Մանթաշյանցի ժողովրդականությունը որպես նշանավոր հայորդի և բարերար։ Մինչ օրս հայերենում հանդիպում են դարձվածքներ, որոնք արդեն իբրև լեգենդ են պահպանում մեր մեջ Մանթաշյանցի հարստության և բարերարության մասին հիշողությունը։
Մեծ բարերարը ծնվել է Թիֆլիսում՝ վաճառականի ընտանիքում, 1842 թ.: Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում: Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն և անգլերեն լեզուներին։ 1864 թ. շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանի խորհրդով Հովհաննես Մանթաշովը 1868 թ. որդու` Ալեքսանդրի հետ շրջագայում է Եվրոպայում և առևտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառական տների միջև։ Վերադառնալով Թեհրան, որտեղ ինքը վաղուց էր ծավալել առևտրական գործունեությունը, Հովհաննեսը 1878 թ. իրենց առևտուրը տեղափոխում է Թիֆլիս։ Հոր մահից հետո Ալեքսանդրին ժառանգություն է մնում ՝ 200 հազար ռուբլի դրամագլուխ։
Ալեքսանդր Մանթաշյանցը կարճ ժամանակ անց, զգալով նավթարդյունբերության մեծ հեռանկարները, տեղափոխվում է Բաքու։ Շուտով նա առևտրական տներ է հիմում ամբողջ աշխարհում՝ Ռուսաստան, Լեհաստան, Թուրքիա, Ռումինիա, Անգլիա, Ֆրանսիա, Եգիպտոս, Իրան, Հնդկաստան: Այդ շրջանում Մանթաշյանցի կանխիկ դրամագլուխը կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի։ Նա ուներ հանքեր, գործարաններ, կալվածքներ, տներ, հյուրանոցներ, ամառանոցներ ու շոգենավեր։
Առևտրական գործունեությանը զուգընթաց՝ Ալ. Մանթաշյանցը զբաղվում է ազգաշինության գործով. մեծ ներդրումներ է անում հայ դպրոցի, Հայ եկեղեցու ամրացման գործում: Նրա առաջարկով կազմվում է Էջմիածնի նոր վեհարանի նախագիծը. աշխատանքների համար Մանթաշյանցը տրամադրում է 250 հազար ռուբլի։ Մանթաշյանցի ֆինանսական միջոցներով տարբեր վայրերում, ուր եղել են հայ գաղթօջախներ, հիմնվել են մի շարք նոր եկեղեցիներ։ Բարեգործի հիմնած կրթական հաստատություններից մեկն էր Թիֆլիսի առևտրական դպրոցը, որ կրում էր իր անունը։ 1909 թ. դրվեց Ներսիսյան դպրոցի նոր շենքի հիմնաքարը։ «Ուսանողը մեր ապագան է». սա էր Մանթաշյանցի սկզբունքը. նա տարեկան 200 ուսանող որդեգիրներ էր պահում։ Այդ ուսանողներից էին Ալեքսանդր և Կոնստանտին Խատիսյան եղբայրները, Ստեփան Շահումյանը, Կոմիտասը, Արմենակ Շահմուրադյանը, Սիամանթոն և այլք: Նա նաև նյութապես ապահովել է բազմաթիվ հայ գրողների ՝ Հովհ. Թումանյանին, Ալ. Շիրվանզադեին, Մուրացանին, Մինաս Չերազին, Ա. Չոպանյանին, Սիամանթոյին, և այլոց։ Ալ. Մանթաշյանցը բազմանդամ ընտանիքի հայր էր (ամուսնացել էր Թիֆլիսի ճանաչված ընտանիքի դուստր Դարյա Թամամշյանի հետ)։
1911 թ. գարնանը Մանթաշյանցի առողջական վիճակը բարդանում է երիկամային հիվանդության պատճառով: Նույն տարում էլ բարերարը կնքում է իր մահկանացուն։ Պետերբուրգից նրա աճյունը տեղափոխվում է Թիֆլիս. գնացքի յուրաքանչյուր կանգառում հավաքված հայազգի բազմությունն իր հարգանքի տուրքն էր մատուցում նշանավոր հայորդուն՝ ծաղիկներով ծածկելով աճյունը։ Ռուսաստանի, Կովկասի, եվրոպական մի շարք քաղաքների հայաշատ գաղութների հայկական եկեղեցիներում կատարվեցին հոգեհանգստի արարողություններ։ Հուղարկավորությանը մասնակցում էր բազմահազարանոց թափոր: