Արի զորավար Դավիթ Բեկը

Հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալ Դավիթ Բեկը 1722-1728 թթ․ գլխավորել է Սյունիքի ազատագրական պայքարը թուրք-պարսկական զավթիչների դեմ: Զորավարը ստեղծել է անկախ հայկական իշխանապետություն, որը և նրա հետ դաշինք է կնքել Պարսից շահը։

Դավիթ Բեկը սյունեցի էր: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր: Սյունիքի հիսուն տանուտերերի ու մելիքների և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով՝ Վրաց թագավորը 1722 թ․ Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկում է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջը համախմբեցին տեղի զինված ուժերը, վերականգնեցին հին բերդերն ու ամրությունները, ստեղծեցին ռազմական հենակետեր և հիմնեցին ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ: 

Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ․ աշնանը՝ ջևանշիր քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: 1724 թ․ սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի հետ (2 հզ. մարտիկ) հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724-1725 թթ․ Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրեցին մահմեդական հրոսակներից: 

1724 թ․ սեպտեմբերի 26-ին` Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ․ փորձեցին գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել էր գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացրեց Հալիձորի բերդում: 1727 թ․ մարտին թուրքերը պաշարեցին Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ էր մղում թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշեց ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվեցին հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի դիմեցին: Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրեցին նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը:

1727 թ․ Դավիթ Բեկը բանակցում է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչում է նրա իշխանությունը Սյունիքում և դրամ հատելու իրավունքը:

1728 թ․ Դավիթ Բեկը վախճանվում է, նրան փոխարինում է Մխիթար Սպարապետը՝ թուրքերի դեմ Սյունիքի ազատագրական պայքարը գլխավորելով մինչև 1730 թ.:

Հավանեցի՞ր. տարածիր